Գրեթե մեկ շաբաթ է՝ Նուբարաշենի աղբավայրը թանձր ծխի մեջ է. օրեր շարունակ ո՛չ Երևանի աղբահանման հիմնարկի աշխակիցներին, ո՛չ փրկարարներին ու անգամ անձրևին չի հաջողվում մարել մայիսի 18-ից բռնկված հրդեհը։
«Մարդիկ աշխատում են գիշեր-ցերեկ, չկա տենց րոպե, որ էնտեղ չաշխատեն», - «Ազատությանը» փոխանցեց «ԵԱՍՄ» Նուբարաշենի սանմաքրման պատասխանատու Կարո Սահակյանը։
Նուբարաշենի աղբավայրի ծուխը քամիների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներ է հասնում։ Հատկապես հրդեհի առաջին օրերին տհաճ հոտը զգալի էր աղբավայրից 2 կմ հեռու Նուբարաշենում, հարևան համայնքներում ու անգամ աղբավայրից 10-ը կմ հեռու գտնվող Կենտրոնում։
Երևանի աղբահանման և սանիտարական մաքրման հիմնարկի ներկայացուցիչ Կարո Սահակյանը փորձից ելնելով ենթադրում է՝ Նուբարաշենը դեռ երկար է ծխելու։ Հրդեհն այստեղ հողի շերտով են փորձում մարել։
«Մի ամիս աշխատելու են, որ կրակը հանգցնեն, շուտ չի լինի, մեծ է տարածքը», - ասաց Սահակյանը։
Մինչ այդ, որոշ մասնագետներ ահանզանգում են մարդկանց վրա ծխի բացասական ազդեցության մասին։
Այս ընթացքում միայն Շրջակա միջավայրի նախարարությունից հաստատեցին՝ Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտ կարող են արտանետվել վնասակար նյութեր, բայց ոչ այս կառույցից, ոչ էլ մյուս պատասխանատու գերատեսչություններից քաղաքացիներին չեն պարզաբանում՝ ինչ է պետք անել նման իրավիճակում։
«Էս վիճակում ամեն օր մենք պետք է ունենք հաղորդագրություն, թեկուզ Առողջապահության նախարարությունից, որ պետք է մեզ լրիվ բացատրի՝ ինչ վիճակում է այդ գործընթացը Նուբարաշենի աղբավայրում, ինչ տոքսիկ նյութեր են արտանետվում և ժողովուրդը, մանավանդ կողքի ապրող բնակիչները, ինչ միջոցներ պետք է օգտագործեն որպեսզի չթունավորվեն», - «Ազատությանն» ասաց բնապահպան Ինգա Զարաֆյանը։
Բնապահպանը հանրապետության ամենախոշոր աղբավայրում հրդեհի պատճառը ոչ ճիշտ կառավարումն է համարում։
«Պահանջում է շատ ճիշտ և շատ լավ կառավարում, ինչը որ մենք չենք տեսնում», - ասաց Զարաֆյանը։
Գրեթե 52 հեկտար տարածք զբաղեցնող աղբավայրում տարեկան 300 հազար տոննա թափոն է կուտակվում, աղբն այստեղ չի տեսակավորվում ավելի քան կես դար։
Քաղաքային դեռ նախորդ իշխանությունները նոր աղբավայր ստեղծելու մասին խոստումներին էին տալիս, բայց այս տարիների ընթացքում ոչ մի շոշփելի քայլ: Գործող իշխանությունն էլ է վստահեցնում, թե շուտով Նուբարաշենը կփակվի։ Երեկ ասուլիսին այս հարցին ևս վարչապետն անդրադարձավ։
«Հիմա Կոտայքի մարզում մեծ աղբավայր է կառուցվում, ընդ որում առաջին անգամ պիտի փորձենք նաև աղբի տեսակավորման խնդիր լուծել, և նաև Նուբարաշենի աղբավայրի ռեկուլտիվացիայի ծրագիրը կա, որն անպայման պետք է իրագործել», - ասաց Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բիզնես շահերը» տևական ժամանակ է՝ թույլ չեն տալիս, որ Նուբարաշենի աղբավայրի շահագործումը կարգի բերվի․ Գործարար