Մատչելիության հղումներ

«Փորձելու ենք այնպես անել, որ «Նուբարաշեն» ասելով՝ աղբավայրը չհիշեն»․ Հայկ Մարության


Հայկ Մարության, Երևան, Նուբարաշեն, 14-ը սեպտեմբերի, 2018 թ․
Հայկ Մարության, Երևան, Նուբարաշեն, 14-ը սեպտեմբերի, 2018 թ․

«Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում հազիվ թե քնելու ժամանակ գտնեմ, ուր մնաց՝ դերասանի կարիերայի մասին մտածեմ»: «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանն այս մասին ասաց այսօր՝ «Ազատության» հետ զրույցում, «Նուբարաշեն» թաղամասում քարոզարշավ իրականացնելիս: Թվարկելով քաղաքի բազմաթիվ խնդիրները՝ Մարությանը հավելեց․ «Ես չեմ աշխատելու՝ հատուկ լուրջ դեմք ընդունել, որովհետև դա կեղծ կլինի: Այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են էկրանից դուրս, գիտեն, որ ես այդքան էլ հաճախ չեմ հումոր անում: Ես գործի մարդ եմ և պահանջկոտ եմ»:

«Իմ քայլի» ծրագիրը թիրախային է, իր մեջ ներառում է մայրաքաղաքի բոլոր չլուծված խնդիրները՝ աղբահանությունից մինչև տրասպորտ: «Հնարավոր չէ՝ լինել երևանցի ու չիմանալ այդ մասին»,- ասում է Հայկ Մարությանը: «Նուբարաշենի» թիվ մեկ խնդիրը տարիներ շարունակ մնում է աղբավայրի վիճակը․ այստեղ ընտրությունից ընտրություն խոստմուներ են հնչել, սակայն աղբը միայն շատացել է, իսկ աղբի վերամշակման գործարան այդպես էլ չի բացվել:

Հայկ Մարությանն ասում է՝ փորձելու են այնպես անել, որ «Նուբարաշեն» ասելով՝ աղբավայրը չհիշեն․ «Մենք ունենք քաղաքական կամք, և ամեն ինչ անելու ենք, որ այդ հարցը լուծենք: Մյուս ուժերն, ինձ թվում է, չունեին այդ կամքը, որովհետև այնպիսի խնդիրներ են մնացել օդում, որոնք 100 տոկոսով հնարավոր էր լուծել, բայց դրանք չեն լուծվել: Պարզ է դառնում, որ իրենց մոտ միշտ շահերի բախում է եղել: Օրինակ՝ եթե լուծվում էր տրանսպորտի հարցը, ապա այդ բիզնեսում ներգրավված շատ մարդիկ տուժելու էին: Մենք մեզ կաշկանդող ոչ մի հանգամանք չունենք»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին «Նուբարաշենի» բակերում հատկապես մեծ ուրախությամբ էին սպասում երեխաները․ հայտնի դերասանի հետ նկարվելու լավ առիթ էր: Մեծահասակներն էլ խնդրում էին, որ քաղաքապետ դառնալուց հետո Մարությանն իրենց չմոռանա: Մի խարխուլ շինության բնակիչներ նրան հրավիրեցին իրենց կացարան՝ շենքի աղետալի վիճակին ծանութանալու: Հայկ Մարությանը խոստացավ՝ քաղաքապետ ընտրվելու դեպքում աստիճանաբար քաղաքի խնդիրներին լուծում են տալու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG