Վրացական իշխանությունները հերքում են Բաթումի-Նովոռոսիյսկ կանոնավոր ծովային բեռնափոխադրումների մեկնարկի մասին Երևանից հնչող պնդումները։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը՝ մեկնաբանելով Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում արված գրառումը, որում մասնավորաբար նշված էր. - «Այլընտրանք Վերին Լարսին. ծովային ճանապարհով Բաթում֊Նովոռոսիյսկ բեռնափոխադրման մեկնարկը տրված է»: «Արդեն իրականացվել է կոնտեյներներով բեռների փորձնական նավային փոխադրումը, որի ընթացքում էական խնդիրներ չեն առաջացել», - հավելել էր հայաստանյան գերատեսչությունը:
Սրան էլ գումարած՝ Էկոնոմիկայի նախարարությունում երեկ խորհրդակցություն էր հրավիրվել, որի ընթացքում հայաստանցի գործարարներին էր ներկայացվել դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների այլընտրանքային այս հնարավորությունը և նշվել էր, թե դրանք իրականացվելու են պետության սուբսիդավորմամբ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր կառավարության կողմից երթուղու օպերատոր ընկերություն ճանաչված C&M International-ի տնօրեն Դավիթ Իլոյանը։
Վրացական կողմը, սակայն, պնդում է՝ խոսքը ոչ թե կանոնավոր բեռնափոխադրումների, այլ ապրիլին Բաթումիից Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ իրականացված ընդամենը երկու չվերթների մասին է։
«Ապրիլին Պալաուի դրոշի ներքո նավարկող Haci Musa Ucak նավն իրոք երկու առևտրային չվերթ է իրականացրել Նովոռոսիյսկ և Բաթումի քաղաքների միջև։ Ցանկանում ենք, սակայն, ընդգծել, որ դրանք ոչ-կանոնավոր փոխադրումներ են եղել, որոնք ամբողջությամբ առևտրային բնույթ էին կրում», - հայտարարում է Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը՝ նշելով, որ փոխադրվող բեռները տարանցիկ էին և նախատեսված էին Հայաստանի Հանրապետության համար, իսկ նավի սեփականատեր հանդիսացող ընկերությունը սանկցիոն որևէ ցուցակում ընդգրկված չէր։
«Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունն ու Ֆինանսների նախարարության եկամուտների կոմիտեն մշտադիտարկման են ենթարկում թե՛ նավերը, թե՛ դրանց սեփականատերերին։ Եթե դրանցից որևէ մեկը պատժամիջոցների տակ է, ապա այդ նավին վրացական նավահանգիստներ մուտք գործել չի թույլատրվում», - նշված է հայտարարության մեջ։
Բաթումի-Նովոռոսիյսկ կանոնավոր բեռնափոխադրումների մեկնարկի մասին հայտարարությունները Երևանից հնչեցին մի պահի, երբ Վրաստանում կրքերն առանց այդ էլ թեժացել են` կապված Ռուսաստանի հետ ուղիղ ավիափոխադրումների վերականգման հետ։ Վրացական ընդդիմությունը համոզված է, որ Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարությունը պետք է ոչ միայն չհամաձայներ ուղիղ չվերթների վերականգնմանը, այլև միանար Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին։
Դեպի Ռուսաստան տարանցիկ ծովային փոխադրումների մասին տեղեկությունները վրաց ընդդիմադիրներին, ըստ ամենայնի, երկրի իշխանություններին ռուսամետության մեջ մեղադրելու ևս մեկ հավելյալ առիթ կտան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական օդանավը բողոքի ակցիաներով են դիմավորել Թբիլիսիում