Ռուսաստանյան Բելգորոդի շրջանում մարտեր են ընթանում

Արխիվ

Ռուսաստանյան և ուկրաինական աղբյուրների տվյալներով՝ թեժ մարտեր են ընթանում ռուս-ուկրաինական սահմանին՝ Բելգորոդի և Խարկովի շրջանների միջև։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ուկրաինական կողմից մեկ կամ մի քանի զինված խմբավորումներ են ներխուժել ռուսական տարածք, տեսանյութեր են հրապարակվել Բելգորոդի շրջանի սահմանային անցակետի վրա ենթադրյալ հարձակումների վերաբերյալ, որոնց իսկությունը, սակայն, դեռևս չի ստուգվել։ Հաղորդվել է նաև Ուկրաինային սահմանամերձ ռուսական բնակավայրերի հրթիռակոծության մասին։

Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տարածած հայտարարությամբ Ուկրաինային մեղադրել է «Բելգորոդի շրջանի դեմ տեղեկատվական հարձակման մեջ», ռուսաստանցի պաշտոնյան միաժամանակ հաստատել է Գրայվորոնովսկի շրջանի հրետակոծությունը, սակայն ասել է, որ դրա հետևանքով վիրավորներ, զոհեր չկան։ Գլադկովի խոսքով՝ «հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը ներխուժել է Գրայվորոնովսկի շրջանի տարածք», և քայլեր են ձեռնարկվում նրանց «չեզոքացնելու համար»։

Կիևը չի մեկնաբանել ռուսական կողմի հայտարարությունները։