Մի քանի տարվա դադարից հետո «Հյուսիս-հարավ» մայրուղու Աշտարակ-Թալին հատվածում վերսկսվել են շինարարական աշխատանքները։ Շինարարությունն այստեղ կասեցվել էր միլիարդավոր դրամների չարաշահման փաստով հարուցված քրեական գործի պատճառով։
Քննությունը հիմա էլ շարունակվում է, ուստի Տարածքային կառավարման նախարարից հետաքրքրվեցինք՝ եթե այդպես հնարավոր էր, ինչո՞ւ ավելի շուտ չէին վերսկսում աշխատանքը, հատկապես որ այդ ճանապարհին այլընտրանք հատվածը դժվար երթևեկելի է:
«Շատ բարդ էր, լրջագույն ջանքեր ներդրվեցին, հսկայական աշխատանք արվեց, միջազգային դատական պրոցես ունենք, արբիտրաժ և այլն, և փաստացի հիմա սա ուշ էր, թե շուտ էր, բայց փաստ այն է, որ մեզ դա հաջողվեց», - ասաց Գնել Սանոսյանը:
Հեղափոխությունից հետո մայրուղու հենց Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունում իրավապահները 23.5 մլրդ դրամի չարաշահում բացահայտեցին։ Գործում ներգրաված են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից մեկը տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն է։ Ո՞ւր է հասել նախաքննությունը. Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ որոշ դրվագներ են առանձնացվել և դատարան ուղարկվել, իսկ հիմնական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է, այլ մանրամասներ այս պահին չեն կարող հայտնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ցայսօր կառավարությունում չեն կարողանում հայթայթել «Հյուսիս-հարավի» ողջ ֆինանսավորումը«Հյուսիս-հարավի» Թալին-Գյումրի հատվածի մի կողմի ասֆալտապատումը խոստանում են ավարտել մինչև աշունՎերսկսված շինարարությունը այլ կազմակերպություն կշարունակի։ Նախագիծ են փոխել ու միջազգային մրցույթ հայտարարել։ 42 կմ ճանապարհը 2 լոտի են բաժանել առաջին՝ 8 կիլոմետրանոց հատվածը, որը Ագարակի հնավայրը շրջանցող հատվածն է ընդգրկում, հայ-հնդկական համատեղ մի ընկերություն կիրականացնի։ Մյուս՝ 34 կմ հատվածի մրցույթի արդյունքները դեռ չեն ամփոփվել, հաղթողը հայտնի չէ։
«Մոտ օրերս, հավանաբար հունիս ամսին, կունենանք շինարարական ընկերություն, որից հետո որոշակի կազմակերպչական, նախապատրաստական աշխատանքներից հետո կսկսենք շինարարությունը», - ասաց Գնել Սանոսյանը:
34 կիլոմետրանոց հատվածում կա գրեթե պատրաստ բետոնապատ երկկողմանի հատված։ Վարորդներից ոմանք որոշ դեպքերում գործող քայքայված ճանապարհը շրջանցում ու Թալինի մոտից այդ ճանապարհով են երթևեկում։ Իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը մի քանի անգամ բարձրաձայնել է, թե ի՞նչն է խանգարում, որ ճանապարհի այդ հատվածը շահագործվի։
«Էս ճանապարհը 5 տարի է՝ սարքած է, բրախած է կողքի, մի քանի անգամ անդրադարձել եմ ես սրան, թե միացրեք էդ հատվածը, օրինակ, ելքերը, մուտքերը միացրեք, վարորդները սրանով հանգիստ գնան գան», - նշեց Բարսեղյանը:
Գնել Սանոսյանն ասում է՝ երբ պարզ դառնա մրցույթի հաղթողը, հենց այս հատվածից էլ կսկսեն երկրորդ լոտի շինարարությունը. - «Այդ հատվածում կա մի գրեթե պատրաստ հատված, որը ունի որոշակի իրար միացնելու գործընթաց, փորձելու ենք հենց դրանից սկսել, այսինքն մի քանի կմ հենց առաջին փուլում դարձնենք շահագործելի, որպեսզի մեր հայրենակիցները այժմ գործող բարդ ճանապարհով չերթևեկեն, որից հետո շինարարությունը սկսենք: Երկու պարագայում էլ ժամկետները 18 ամիս է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Հյուսիս - հարավ» ավտոճանապարհի քրեական գործով 5 անձի մեղադրանք է առաջադրվել«Հյուսիս-հարավ»-ի քրեական գործով ավելի քան 500 անձ է հարցաքննվելԸստ նախարարի՝ Աշտարակը Թալինին կապող հատվածը ամենաուշը պատրաստ կլինի 2024 թվականի դեկտեմբերին։ Այս տարի կավարտվի Թալին-Գյումրի հատվածը։ «Հյուսիս-հարավ» ճանապարհը Գյումրին շրջանցելու է։
Ըստ ճանապարհային դեպարտամենտի ղեկավար Գոռ Ավետիսյանի, հաջորդ տարի կսկսեն Գյումրին շրջանցող ճանապարհի կառուցումը։ Դեպի Բավրա ճանապարհահատվածի համար հիմա բանակցում են դոնոր կազմակերպությունների հետ համատեղ ֆինանսավորման հարցը լուծելու համար։ Իսկ ո՞ւր է հասել հարավային ամենաբարդ հատվածի շինարարությունը։
«Ամենահարավային մասի շինարարությունը սկսենք, առաջիկայում Քաջարանի թունել ունենք, որը մրցութային գործընթաց ենք նախապատրաստում իրականացնել, Սիսիան-Քաջարանի հատվածում մրցութային գործընթացն արդեն իսկ մեկնարկել է, տեխնիկական խնդիրներով հետաձգվել է, բայց առաջիկայում արդեն կարծում եմ, այդ մրցութային գործընթացը նույնպես կամփոփենք: Նախատեսում ենք հաջորդ տարի արդեն դոնոր կազմակերպությունների միջոցով իրականացնենք Արտաշատ-Սիսիան հատվածի նախագծման աշխատանքները», - ներկայացրեց Ավետիսյանը:
Հայաստանի հյուսիսը հարավին կապող 559 կմ երկարությամբ ճանապարհը պետք է 2019-ին ամբողջությամբ շահագործված լիներ, սակայն մեկնարկից գրեթե 14 տարի անց նախկին իշխանություններից այս ծրագիրը ժառանգած գործող իշխանություններն էլ դեռ հստակ վերջնաժամկետ չեն նշում։ Այս պահին 559 կիլոմետրից միայն մոտ 50 կմ է ամբողջական կառուցված՝ երկկողմանի երթևեկելի։