Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի կեսին, օրը դեռ պետք է նշանակի կառավարությունը, սակայն Հանրայինի եթերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացնելով օրենքի պահանջը՝ բացատրեց՝ քվեարկությունը պետք է անցկացվի սեպտեմբերի 10-20-ն ընկած առաջին կիրակի օրը, օրացույցով դա սեպտեմբերի 17-ն է։
«Ստացվում է՝ ամառային արձակուրդների թեժ շրջանում նաև սկսվելու է քարոզարշավ», - նշեց Հովակիմյանը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածուն նախկին փոխվարչապետ, ներկայիս փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է։ Խորհրդարանական ընդդիմությունը դեռ լուռ է։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր «Ազատությանը» միայն փոխանցեց, որ այդ մասին կխոսեն մեկ շաբաթից։ Խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում չհերքեց իր թեկնածության հավանականությունը՝ բայց հավելեց, թե հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ։
«Չբացառելով մասնակցությունը՝ վաղաժամ եմ համարում այն պարզ պատճառով, որ մեր երկիրը հիմա այնպիսի պրոցեսների մեջ է մտել և այնպիսի անվտանգային խնդիրներ կան, որ առաջնայինն այդ խնդիրներն են», - ասաց Թևանյանը:
«Պատիվ ունեմ»-ից էլ փոխանցեցին՝ այս հարցը դեռ խմբակցությունում չեն քննարկել։
33-ամյա Ավինյանից բացի, մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ցանկության մասին հայտնել են նաև երգիչ Ռուբեն Հախվերդյանը, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը: Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն էլ անցած ամիս տեղեկացրեց՝ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն ինքն է լինելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքապետի շուրջ տասը թեկնածուի անուն՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջՎերջերս իր մտադրության մասին հայտնեց նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որը դեռ չի հստակեցրել՝ որ կուսակցությունցի է առաջադրվելու։ Նորայր Նորիկյանը, որն Ազատի զորամասում հրդեհից զոհված զինվորների ծնողների փաստաբանն է, ևս իրեն քաղաքապետի պաշտոնում է տեսնում։ Շրջանառվում է նաև գործարար Ռուբեն Վարդանյանի աջակցությունը վայելող «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանի անունը։ «Ազատության» հետ զրույցում նա չհերքեց սա, բայց շեշտեց՝ դեռ վերջնական որոշում չեն կայացրել. - «Ես քննարկվող թեկնածուների շարքում եմ, ինչը չենք թաքցրել»:
Մայրաքաղաքում գրեթե ամենուր տեսանելի են Թանիդլյանի դիմանկարները՝ տարբեր վահանակներին, պատերին։ Վերջինս, սակայն, պնդում է՝ դա քարոզարշավ չէ, ընդամենը հարցազրույց է տվել ամսագրերից մեկին ու հայտնվել շապիկին։
«Որևէ օրենքի խախտում չէ, որևէ քարոզարշավի նպատակ չի հետապնդում, հատկապես այն պարագայում, ինչպես ես հայտնեցի, դեռևս վերջնական նման որոշում չունենք: Բայց եթե մենք համեմատում ենք ամսագրի շապիկը տեղի ունեցող քարոզարշավի հետ, ես կարծում եմ, որ չպիտի իշխանական քարոզարշավին օգնենք, ասելով, որ սա նույն հարթության վրա է», - ընդգծեց նա:
Թանդիլյանը նկատի ուներ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին, որը նշանակման օրից հաճախ է հանդիպում երևանցիներին, լսում նրանց, վարում քաղաքապետարանի նիստերը, հաճախ երևում էկրաններին։
«Չի կարելի մարդկանց փորձել հիմարի տեղ դնել, իբրև թե քարոզարշավ չի արվում, բայց բոլորին է ակնհայտ, որ դա տեղի է ունենում, որովհետև դուք չեք լսի մեկ այլ քաղաքապետի գործունեության որևէ ձևով լուսաբանում կամ անդրադարձ, ինչը հենց վկայում է այդ մասին, որ սա զուտ վարչական, պետական ռեսուրսն օգտագործելով սեփական թեկնածուի քարոզարշավի փորձ անելու միտում ունի: Ես կարծում եմ, որ այսպիսի վերաբերմունքի Երևանը և երևանցիներն արժանի չեն, հետևաբար դա իրենք գիտակցում են և իրենց պատասխանը հենց ընտրությունների ժամանակ են տալու», - նշեց Մանե Թանդիլյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ի՞նչ անի Ավինյանը, ձեռքերը ծալի նստի՞»․ Ավինյանի արձագանքը ժամանակից շուտ քարոզարշավ սկսելու քննադատություններին«Իսկ ի՞նչ անի Տիգրան Ավինյանը, ձեռքերը ծալի նստի և որևէ բան չանի՞», - Ավինյանն այսպես էր արձագանքել քննադատությանը, թե ժամանակից շուտ է սկսել քարոզարշավը, անարդար մրցապայքարի մեջ է մտնել։
ԿԸՀ նախագահ, Ավինյանի երբեմնի թիմակից Վահագն Հովակիմյան, սակայն, սա նախընտրական անհավասար մրցապայքար չի համարում։ Հանրայինի եթերում մեջբերելով Ընտրական օրենսգիրքը՝ Հովակիմյանը հիշեցրեց՝ քարոզարշավը պաշտոնապես արգելվում է միայն քվեարկության օրն ու դրան նախորդող օրը։