Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ այս գիշեր Ռուսաստանը հարձակվել է հյուսիսային և հարավարևելյան ուղղություններից՝ «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքերով և «Կալիբր» թևավոր հրթիռներով Սև ծովից։ Ըստ ուկրաինացի զինվորականների՝ իրենք արձանագրել են 22 «Շահեդ»-ի արձակում, որոնցից 16-ը խոցվել է, ինչպես նաև 6 «Կալիբր», որոնց կեսը խոցվել է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կրիվոյ Ռոգում հարված է հասցվել մասնավոր արդյունաբերական ձեռնարկությանը։ Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ վիրավորվել է 64-ամյա մի կին, նա ծանր վիճակում հոսպիտալացվել է։
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյն իր Տելեգրամ ալիքում հայտնել է գիշերային պայթյունի մասին. - «Նախնական տեղեկությունների համաձայն՝ թիրախը եղել է քաղաքի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտը։ Նրանք հարձակվել են «Շահեդ»-ներով։ Զոհեր չկան»։
Կիևում, ըստ քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի, հնարավոր է եղել խոցել բոլոր «Շահեդ» անօդաչու թռչող սարքերը։ Սա այս ամսվա ընթացքում 10-րդ օդային հարձակումն է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել հարվածների նոր ալիքի մասին հաղորդումը։ Նախօրեին ասվում էր, որ հինգշաբթի գիշերը զանգվածային հարձակման թիրախ են եղել օտարերկրյա արտադրության զենքի և ռազմական տեխնիկայի մեծ պահեստներ, ինչպես նաև «թշնամու ռեզերվները»։