Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել

Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Թորոսյանը՝ նշելով՝ իրադրությունն 08։30-ի դրությամբ առաջնագծում հարաբերականորեն կայուն է։

Իրադրությունը Գեղարքունիքի ուղղությամբ սրվել էր նախորդ շաբաթ։ Վարդենիսի Սոթք, Կութ, Նորաբակ, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ մայիսի 11-12-ի տեղի ունեցած մարտերում հայկական կողմը մեկ զոհ, ութ վիրավոր ունեցավ։ Պաշտոնական Բաքուն հաղորդել է երկու զոհի և մեկ ծանր վիրավորի մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմը հայտնում է մայիսի 12-ին 1 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանականը՝ 1 զոհի մասին (թարմացված)

Երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական կողմը կրակել է Սոթքի դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Հայաստանի ՊՆ զինծառայող Էդգար Սուլեյմանյանը, ով մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է։ Նախարարությունը նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է նաև բուժակը։

Թորոսյանն այսօր ասաց, որ բուժակի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկ զոհ, մեկ վիրավոր սահմանային կրակոցների հետևանքով