Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ակումբային գլխավոր մրցաշարի՝ չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասած առաջին հայ ֆուտբոլիստն է։ Իտալական «Ինտերը» երեկ հաղթելով «Միլան»-ին նվաճեց տարվա վճռորոշ հանդիպման ուղեգիրը։ Հայաստանյան ֆուտբոլային հանրությունը սա պատմական հաջողություն է համարում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մխիթարյանի «Ինտեր»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ«Միլան»-ի հետ կիսաեզրափակիչ առաջին հանդիպմանը Մխիթարյանը նաև գոլի հեղինակ էր դարձել, երեկ էլ մեկնարկային կազմում էր, սակայն, առաջին խաղակեսի ավարտին վնասվածք ստացավ ու փոխարինվեց։
Իտալական լրատվամիջոցները գրում են, որ վնասվածքի լրջությունը պարզ կդառնա առաջիկա օրերին, բայց նա բաց կթողի ներքին առաջնության այս կիրակի կայանալիք խաղը։
«Հույս ունենանք, որ Մխիթարյանի վնասվածքը ծանր չէ։ Նա շատ կարևոր է մեր թիմի համար։ Առաջիկա մի քանի օրում պարզ կլինի նրա վիճակը», - խաղից հետո երեկ ասել է «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին՝ հավելելով. - «Ֆանտաստիկ երեկո էր, բայց մի փոքր ստվերվեց Մխիթարյանի վնասվածքի պատճառով։ Վստահ եմ, որ կհասցնի վերականգնվել։ Նա վաստակել է եզրափակիչում խաղալու հնարավորությունը»։
34-ամյա Մխիթարյանը փաստացի հայկական ֆուտբոլի պատմության նոր էջն է գրում, ասում է մարզական լրագրող Գևորգ Ղազարյանը. - «Հետխորհրդային երկրների ֆուտբոլը չափելով, մենք Չեմպիոնների լիգա հաղթած ռուս ֆուտբոլիստ ունենք «Պորտու»-ի հետ, ուկրաինացի և վրացի, Շևչենկոյի և Կախա Կալաձեի մասին է խոսքը։ Եվ իհարկե այս շարքում նաև հայ ֆուտբոլիստ տեսնելու ձգտումը, կարծում եմ, բոլորիս համար էլ էական մեծ նվաճում կլինի, որը հայկական ֆուտբոլը նոր մակարդակի է բարձրացնում»։
Եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին, «Ինտեր»-ի մրցակիցը այսօր կպազվի։ Մյուս ուղեգրի համար պայքարում են անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն ու իսպանական «Ռեալ Մադրիդ»-ը։
Մխիթարյանը նաև հնարավորություն ունի մեկ այլ բացառիկ արդյունք գրանցելու։ Եթե «Ինտեր»-ը հաղթի Չեմպիոնների լիգայում, 34-ամյա կիսապաշտպանը կարող է դառնալ միակ ֆուտբոլիստը, որը նվաճել է բոլոր եվրագավաթները։ Հայ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Եվրոպա լիգան է հաղթել, «Ռոմա»-ի հետ՝ Կոնֆերենցիաների լիգան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մխիթարյանի «Ինտեր»-ն անցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչՄխիթարյանի հաջողությունների մասին ակտիվորեն նաև դրսում են խոսում, ասում է Գևորգ Ղազարյանը. - «Արդեն հիմա մենք տեսնում ենք, որ, օրինակ, նույն ռուսական մեդիայում անընդհատ էդ մասին խոսվում է։ Դե, հասկանում ենք, ռուսական ակումբները ներկայացված չեն եվրոպական ֆուտբոլում Ուկրաինայում սանձազերծած պատերազմի պատճառով, ու հիմա իրենց համար չափորոշիչ են հետխորհրդային երկրները ներկայացնող ֆուտբոլիստները»։
Երեկվա հաղթանակից հետո Մխիթարյանը սոցցանցերում խաղից լուսանկարներով ու տեսանյութերով է կիսվում։ «Չեմպիոնների ճամփորդությունը շարունակվում է, կտեսնվենք եզրափակիչում», - գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը։
«Եթե նայում ենք հետխորհրդային շրջանի երկրները ներկայացնող ֆուտբոլիստներին, իմ պատկերացմամբ, Հենրիխը լավագույնն է։ Գուցե ինձ հետ վիճեն և լավագույնը համարեն Անդրեյ Շևչենկոյին։ Դա արդեն նախասիրության հարցը է։ Ես որպես ֆուտբոլիստ Շևչենկոյին շատ չեմ հավանել, դրա համար նախ որպես հայ, երկրորդ որպես ֆուտբոլիստ, Հենրիխը լավագույնն է։ Եվ շատ-շատ կցանկանամ, որ Հենրիխի մոտ ստացվի և կարողանա ձևակերպել էդ պատմական հեթ-տրիկը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում ՈւԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանը։
Նրա կարծիքով, Մխիթարյանը հիմա վերջին 5-6 տարիների համեմատ իր լավագույն մարզավիճակում է. - «Եթե նայում ենք նվաճման հնարավորության տեսանկյունից, իհարկե սա բարձրագույն կետն է, որին երբևէ հասել է Հենրիխը»։
Մխիթարյանն անցած տարվա մարտին հայտարարեց Հայաստանի հավաքականում մրցելույթներն ավարտելու մասին, իսկ ամիսներ առաջ վերահաստատեց որոշումը՝ չի վերադառնա։