Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի օրը Իսլանդիայի մայրաքաղաքում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ավելի քան չորս տասնյակ երկրների առաջնորդներ և պատվիրակությունների ղեկավարներ:
Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ հյուրերին գագաթնաժողովի սկզբում դիմավորել են Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, որի շրջանակում ելույթ են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը և այլք:
Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը մասնակցել է ժողովրդավարության թեմայով կլոր սեղան-քննարկմանը:
Ռեյկյավիկում է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով երեկ հանդիպումներ է ունեցել Լատվիայի և Կիպրոսի իր պաշտոնակիցներ Էդգարս Ռինկևիչսի և Կոնստանտինոս Կոմբոսի հետ:
Հանդիպումների ժամանակ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Համապարփակ կարգավորման համատեքստում, ի թիվս այլ հարցերի, ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը, փոխանցում է ՀՀ ԱԳՆ լրատվականը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ շեշտվել է, որ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու ջանքերին: Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, հայ ռազմագերիների վերադարձի և մարդասիրական բնույթի մյուս խնդիրների հասցեագրման կարևորությունը:
Գագաթնաժողովի աշխատանքները կշարունակվեն մայիսի 17-ին: