Եվրոպայի խորհուրդն իր պատմության ընթացքում 4-րդ գագաթաժողովն է անցկացնում

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մայիսի 16-17-ը անցկացվում է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթաժողովը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցում է գագաթաժողովին։

Նախատեսվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես կգա տեսաուղերձով։ Գագաթաժողովի մասնակիցների թվում են Գերմանիայի կանցլերը, Բրիտանիայի վարչապետը, Ֆրանսիայի նախագահը։

Ըստ «Ռոյթերս»-ի, ակնկալվում է, որ Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների առաջնորդների գագաթաժողովը աջակցություն կհայտնի Ուկրաինային և կքննարկի ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած սպառնալիքները։

Ռուսաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին սառեցվել էր 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինա ներխուժելու հաջորդ օրը։ Մարտին Ռուսաստանին հեռացնելու քվեարկություն էր պլանավորվել, բայց քվեարկությունից ժամեր առաջ Ռուսաստանը ինքը դուրս եկավ Եվրոպայի խորհրդից, որը ձևավորվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։