Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բրյուսելում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պաշտոնյաները գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների «բրյուսելյան ձևաչափի» վերականգնման կապակցությամբ։
Միշելն ու Ալիևը նաև անդրադարձել են երկու հարևան երկրներին առնչվող վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձություններին, Վաշինգտոնի բանակցություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով, իրավիճակին ադրբեջանա-հայկական սահմանին, ինչպես նաև Ալիևի, Միշելի և Փաշինյանի մասնակցությամբ այսօր կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգին։
Ավելի վաղ Միշելը հանդիպում էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայաստանի կառավարության աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ: