Չնայած կենսաթոշակի քեշբեքի ծրագիրն արդեն տասն ամիս է գործում է, Արագածոտնի մարզի Հարթավան գյուղից Սուրեն Հակոբյանն ու կինը դեռ ոչ մի անգամ այս հնարավորությունից չեն օգտվել։ 60 հազար դրամ ստացող 86-ամյա տղամարդը նախընտրում է թոշակը ստանալու ավանդական տարբերակը։
«Ես քարտից բան չեմ հասկանում, բան չենք հասկանում, դրա համար էլ էդ մարդը գալիս, տալիս, թողնում, գնում է», - ասում է նա։
2022-ի հուլիսից Հայաստանում անկանխիկ գործարքների աճը խթանելու նպատակով կառավարությունը թոշակը քարտով ստացող քաղաքացիներին հնարավորություն տվեց քարտով գործարքների դիմաց ծախսած գումարի տասը տոկոսի չափով քեշբեք ստանալ։ Վերադարձվող գումարը, սակայն, չի կարող գերազանցել 5000 դրամը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թոշակ ստանալու կարգի փոփոխությունը գյուղերում խնդիրներ է ստեղծելԻշխանություններն անցնող ամիսներին պարբերաբար խոսում էին այս ծրագրի մասին ու այն ներկայացնում որպես կենսաթոշակների բարձրացում։ Այնինչ, գործարկումից շուրջ մեկ տարի անց թոշակառուների փոքր մասն է օգտվել նախաձեռնությունից։ Հատկապես գյուղական բնակավայրերում ապրողներն ասում են՝ գլուխ չեն հանում, կան նաև թոշակառուներ, որոնք անգամ տեղյակ չեն ծրագրից։
Ապրիլ ամսվա նախնական տվյալներով՝ կենսաթոշակը քարտով ստացող շուրջ 500 հազար քաղաքացիներից անկանխիկ գործարքներ են կատարել միայն 108 հազարը՝ 21.6 տոկոսը։ Նրանք իրենց կատարած առևտրի դիմաց միջինը 3300 դրամ հավելավճար կստանան։
Շուրջ 1000 բնակիչ ունեցող Հարթավան «Ազատության» այցը համընկավ այս ամսվա թոշակը ստանալու օրվան։
Դրկիցներ տիկին Սիլվարդն ու տիկին Մարուշը վաղուց են ընկերություն անում։ Պատանեկություն, երիտասարդություն, աշխատանք, հիմա էլ իրենց տների դիմացի նստարանին են օրեր կիսում։ Թոշակի մասին զրույցներն էլ քննարկումների մշտական թեմաներից են։
75-ամյա Մարուշ Հակոբյանի ամսական եկամուտը 42 հազար դրամ է։ Քարտից օգտվելու մասին առայժմ չի էլ մտածում, ասում է՝ գլուխ չի հանում. - «Միշտ էլ փոստից եմ ստացել, ես չեմ կարող փոխել, տղաս ստեղ չի, որ գա, կփոխենք»։
80-ամյա Սիլվարդ Մելքոնյանը քեշբեքից օգտվում է, միայն թե այս հնարավորության մասին բոլորովին վերջերս է իմացել։ Չնայած կառավարության հայտարարություններին ու պաշտոնյաների ելույթներին՝ նրա ընտանիքում ծրագրի մասին ավելի քան 8 ամիս չէին էլ լսել. - «Չգիտեինք, որ առևտրից հետո պետք ա օգուտ գա, չկար էդպես բան, հետո երեխեքն իմացան, արեցին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թոշակը 3000-ով ավելացրին, էն էլ ամեն ինչը թանկացրին, ի՞նչ օգուտ. թոշակառուԽնդիր է նաև այն, որ բազմաթիվ գյուղական բնակավայրերում քարտով թոշակը կանխիկացնելու համար ստիպված են լինում երկար ճանապարհ կտրել՝ մոտակա բանկոմատին հասնելու համար։
Հայաստանի տնտեսական զարգացումների մասին խոսելիս վարչապետը հաճախ է հատուկ անդրադառնում կենսաթոշակների վերադարձին՝ սա հաջողված նախաձեռնություն համարելով։ Վերջին անգամ Նիկոլ Փաշյինյանն այս մասին խոսեց անցած ամիս Ազգային ժողովում։
«Այս ծրագիրը համարում եմ ամենավառ արտահայտություններից մեր ծրագրային այն մոտեցման, որ մեր կայացրած որոշումները ոչ թե մեկ, այլ մի քանի խնդրի լուծմանն ուղղված պետք է լինեն, այս որոշմամբ մենք ուժեղացնում ենք սոցիալական պաշտպանության համակարգը, ուժեղացնում ենք պայքարը ստրվերի դեմ», - ասել էր նա։
Փաշինյանը նաև քարտով առևտրի հասանելիությանն էր անդրադարձել՝ պնդելով, թե մեծ աշխատանք են արել. - «Եթե 2022-ի հուլիսի մեկին հանրապետության տերմինալներն ակտիվ կազմում էր 22 հազար 293, 2023-ի փետրվարին դարձել է 70 հազար 261»։
Այս ծրագրի ներդրումից հետո՝ 2022-ի սեպտեմբերին, կենսաթոշակը 3000 դրամով ավելացավ։ Հաջորդ՝ կրկին 3000 դրամով բարձրացումը նախատեսված է այս հուլիսին։ Կենսաթոշակի քեշբեքի ծրագրի վերջնաժամկետը հենց հուլիսն է, բայց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիտարկում է ծրագիրը երկարաձգելու հնարավորությունը։