Արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցություններից հետո այս շաբաթավերջին էլ Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները՝ եռակողմ ձևաչափով։ Եվրոպական խորհրդի նախագահի գրասենյակն է հաղորդում առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ են ընթանալու Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցությունները։
Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ փետրվարին Մյունխենում էին հանդիպել՝ կրկին եռակողմ ձևաչափով՝ այդ անգամ ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ։
«Նախագահ Միշելը շարունակում է սերտ կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Հարավային Կովկասում կայունությունը խթանելու և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Եվրամիության ջանքերն առաջ մղելու համար», - հայտնում են Եվրոպական խորհրդից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Արցախի անվտանգային մարտահրավերները`մայիսիննյան ուղերձներումՀայկական կողմը բրյուսելյան ձևաչափում ֆունդամենտալ խնդիրներ էր տեսել։ Վարչապետ Փաշինյանը մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասածը հիմնավորել էր փաստով, որ այդ հանդիպումներում բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց դրանք չեն իրականացվել։
ԵԽ-ից հայտնում են, որ արդեն կա պայմանավորվածություն հունիսի 1-ին էլ հնգակողմ հանդիպում անցկացնել Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում՝ Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ: Պատերազմից հետո Գերմանիայի ղեկավարն առաջին անգամ կմասնակցի հայ-ադրբեջանական բանակցություններին։ Միշելը նաև մտադրություն է հայտնել հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին երկրորդ հանդիպումն անցկացնել արդեն հոկտեմբերին Իսպանիայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հավաքի շրջանակում:
«Միշելը, Փաշինյանը և Ալիևը նաև պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է՝ տեղում ընթացող զարգացումներին և բրյուսելյան հանդիպումների օրակարգային հարցերին անդրադառնալու համար», - հայտնում է Եվրոպական խորհուրդը:
Բրյուսելում կշարունակվեն վաշինգտոնյան բանակցությունները, կարծում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը. - «Բոլոր հանդիպումներն էլ, կարծում եմ, ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի բանակցություններին, միմյանց շարունակություն են, որովհետև հարցերը և հարցերի շրջանակները հայտնի են, թե ինչ հարցեր են քննարկելու»։
Ամերիկյան կողմը Վաշինգտոնում կայացած բանակցությունները կառուցողական է որակում, Պետքարտուղարությունում կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը։ Մինչդեռ Երևանն ու Բաքուն նույնաբովանդակ հաղորդագրություններով ընդգծել էին, որ առանցքային հարցերում տարաձայնություները պահպանվել են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շատ կարևոր է, որ բանակցային գործընթացն ինքնին վերսկսվել է. Օլեսյա Վարդանյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության համաձայնագիրն իսկապես հասանելի է. Բլինքենը՝ արլինգթոնյան բանակցությունների մասին
Բանակցություններում Բաքվի հետ հաջողության հասնել չի ստացվում նաև Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման շուրջ. ԱԽ քարտուղար
«Չորս օր տևեցին բանակցությունները, աննախադեպ էր այդ առումով, նույնպես արդեն իսկ դրական փաստ է, որ մեր փորձերը՝ առաջ տանել խաղաղության գիծը, այդ առումով հանդիպումը միանշանակ կարելի է դրական դիտարկել, մյուս կողմից՝ ոչ ոք չէր ակնկալում հրաշքներ՝ միանգամից բոլոր խնդիրների լուծում։ Աշխատանքը շարունակվելու է», - ասաց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր շեշտեց՝ բանակցություններում Բաքվի հետ համաձայնության հասնել չի հաջողվում ամենակարևոր հարցերի, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման շուրջ։
«Դա Հայաստանի Հանրապետության սուվերեն 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի արձանագրումն է, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի ստեղծումն է, ինչպես նաև միջազգային երաշխիքի ստեղծումն է, նայեք՝ նույնիսկ այսօրվա իրավիճակը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարրերի պահպանումը չի հաջողվում, որովհետև օրինակ՝ Լաչինի միջանցքը, ըստ եռակողմ հայտարարության, Ադրբեջանն այնտեղ ներկա չպետք է լինի, բայց այս պահին ներկա է», - հավելեց նա։
Հայկական կողմը վերստին հայտարարում է՝ Երևանը կարևորում է միջազգային երաշխավորների ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը, որ կողմերն իրենց պայմանավորվածություններին հավատարիմ մնան։
Եվս մեկ հանդիպում՝ Մոսկվայում
Շաբաթավերջին սպասվող բրյուսելյան բանակցություններից հետո կրկին եռակողմ ձևաչափով Մոսկվայում հանդիպում կլինի, այսօր հայտնեց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիյանը՝ չհստակեցնելով, սակայն, առաջնորդների թե արտգործնախարարների մակարդակով։
Արտգործնախարարների հաջորդ բանակցությունները, ըստ հայտարարությունների, Ռուսաստանում կանցկացվեն մայիսին, բայց օրը հայտնի չէ։