Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման

Ապրիլին Հայաստան ներթափանցած, ապա սահմանամերձ գյուղերի բնակիչների կողմից հայտնաբերված ու կալանավորված երկու ադրբեջանցիներից Ագշին Բաբիրովը դատապարտվել է 11 տարի 6 ամիս 15 օր ազատազրկման: Բարձրագույն դատական խորհրդի փոխանցմամբ՝ Բաբիրովն ընդունել է մեղքը, այդ պատճառով դատարանը գործը քննել է արագացված կարգով:

Զինծառայող Ագշին Բաբիրովը մեղադրվում է սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Երկրորդ զինվորի գործը դեռ քննության փուլում է։ Հուսեյն Ախունդովը մեղադրվում է նաև սպանության համար։

Բաքուն պնդում է, թե իր զինծառայողները մոլորվել են սահմանին անբարենպաստ եղանակային պայմաններում սահմանափակ տեսանելիության պատճառով և նրանց ազատման հարցով դիմել է միջազգային կազմակերպություններին: