Սիմոնյանը Շենթոփի հետ հանդիպմանն անդրադարձել է Թուրքիայի կողմից հայկական օդանավերի համար տարածքը փակելուն

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Անկարայում Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ հանդիպմանն անդրադարձել է օրեր առաջ Թուրքիայի կողմից հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելուն՝ հույս է հայտնելով, որ այս հանդիպումն իր հերթին կնպաստի խնդրի լուծմանը:

Ի պատասխան՝ Մուստաֆա Շենթոփը նշել է, որ իրենց համար զգայուն և ցավալի հարց է Երևանում «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողի բացումը, որով էլ պայմանավորված է վերոնշյալ արգելքը: Հայաստանի ԱԺ նախագահը հակադարձել է, որ բազում պատճառներ կարելի է մատնանշել, որոնց հետևանքով բազմաթիվ գործընթացներ կանգ են առել, սակայն իր այցը նաև այս առումով առաջ շարժվելու ազդակ է պարունակում:

Հայկական ավիաընկերությունների համար Թուրքիայի օդային տարածքը փակելու որոշումը պաշտոնական Անկարան բացատրել է «Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ շարունակվող սադրանքներով»՝ մատնանշելով Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի տեղադրումը:
Հայաստանի մայրաքաղաքի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:
Պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում հուշակոթողի տեղադրումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալեն Սիմոնյանը թուրք պաշտոնակցի հետ հանդիպմանը բարձրացնելու է Հայաստանի առջև փակված օդային տարածքի հարցըԱնկարան հայկական օդանավերի համար տարածքը փակել է «Նեմեսիս»-ի բացման պատճառով. Փաշինյանն արձագանքել է

Ալեն Սիմոնյանը նշել է նաև, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորում է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար: Նա ափսոսանք է հայտնել, որ իրեն չի հաջողվել դիվանագիտական անձնագրով հատել ցամաքային սահմանն այս միջոցառմանը մասնակցելու համար:

«Չնայած մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումների տարբերությանը՝ հուսով ենք, որ այս հանդիպումը հիմք կծառայի հայ-թուրքական խորհրդարանական երկխոսություն հաստատելու և դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ հիմքեր ձևավորելու համար», - նշել է խորհրդարանի ղեկավարը:

Մուստաֆա Շենթոփն էլ իր հերթին ընդգծել է, որ Թուրքիան ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Նրա համոզմամբ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հնարավոր շուտափույթ հանգուցալուծումն օգուտ է ոչ միայն հակամարտող կողմերին, այլև ամբողջ տարածաշրջանին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Թուրքիա-Ադրբեջան դաշնակցային հարաբերություններին, ինչի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Բաքվի մոտեցումները կառուցողական չեն, վերջինս հանդես է գալիս առավելապաշտական դիրքերից: Քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձին և հետպատերազմական իրավիճակին առնչվող հարցեր:

Պաշտոնական հանդիպումից առաջ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները մոտ 20 րոպե տևողությամբ առանձնազրույց են ունեցել:

Ալեն Սիմոնյանը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին, Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին։