Արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վաշինգտոնյան բանակցությունները մի քանի օր կտևեն։ Միացյալ Նահանգների պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք ծանոթ են այսօր մեկնարկած քննարկումներին, դրանք արդեն «կառուցողական» են որակում։
Վաշինգտոնը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարևորում է կողմերի ուղիղ երկխոսությունը, որի նպատակը երկարատև խաղաղության հաստատումն է։
«Մենք հույս ունենք, որ այս շաբաթվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները անկեղծ ու ուղիղ քննարկումներ կունենան՝ կարգավորում գտնելու ճանապարհին։ Եվ մենք հանձնառու ենք աջակցել այդ ջանքերին», - փոխանցում է Պետքարտուղարության ներկայացուցիչներից մեկը։
«Ամենակարևորն է, որ նրանք կարողանան շարունակել այդ քննարկումները», - հավելում է մյուս պաշտոնյան։
Արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կկարողանան խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հասնել, ամերիկացի պաշտոնյաները խուսափում են կանխատեսումներ անել և շատ մանրամասներ հայտնել՝ շեշտելով, որ սա դժվարին, երկար ու հետևողական աշխատանք պահանջող հարց է։
Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընթացող հանդիպմանը նախատեսված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։
Մինչ այս հանդիպումը Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ առանձին-առանձին քննարկումներ է ունեցել Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր