Կիրակի օրը Ուզբեկստանում կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում քվեարկության մասնակիցների մեծամասնությունը կողմ է արտահայտվել երկրի հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկին։
Տեղական աղբյուրների փոխանցմամբ, քվեարկությանը մասնակցել է Ուզբեկստանի չափահաս բնակչության 84 տոկոսը, բարեփոխումների փաթեթին կողմ է արտահայտվել հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը։
Ընդունված փոփոխությունների թվում է նաև նախագահի պաշտոնավարման ժամկետի ավելացումը․ այսուհետ երկրի ղեկավարը պաշտոնավարելու է ոչ թե 5, այլ 7 տարի։
Սահմանադրական բարեփոխումների հետևանքով գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևի նախորդ ժամկետները զրոյացվում են, և նա կարող է ևս երկու անգամ առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում։
Այս քայլը Միրզիյոևին մինչև 2040 թվականը պաշտոնավարելու տեսական հնարավորություն է ընձեռում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուզբեկստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կայացած է ճանաչվել