Հայ-ադրբեջանական սահմանի՝ Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարը, այսօր Ջերմուկում, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը։
Ըստ Էդվարդ Ասրյանի՝ ադրբեջանական կողմն այս խախտումներով նպատակ ունի իրավիճակը լարված պահել։
Ասրյանն ասել է, թե Տեղի վիճահարույց 5 կմ հատվածից, որտեղ Ադրբեջանի զինուժն էր տեղավորվել, 3,6 կիլոմետրանոց հատվածը դեռ շարունակում է չճշգրտված մնալ։
«Տեղի ուղղությամբ հակառակորդի հետ ՀՀ զինված ուժերը գտնվում են շփման պայմաններում։ Ունենք նաև մեր առաջնագիծը, դիրքային համակարգը, կատարելագործում ենք, բարելավում, օր օրի իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ՝ էլ ավելի բարելավելու, հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություններում նաև առավելություն ստանձնելու ուղղությամբ», - նշել Է ԳՇ պետը։
Մարտի 30-ին Բաքուն հայտարարեց, թե Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նախ հայտարարեց, որ ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել, ապա մեկ այլ հայտարարությամբ տեղեկացրեց, որ սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում այդ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է՝ առանց հստակեցնելու, թե ինչի մասին է խոսքը։
Մինչ Տեղի բնակիչներն ահազանգում էին, որ ադրբեջանցիներն ամրանում են իրենց դաշտերում, կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դարձյալ առանց մանրամասներ ներկայացնելու, կրկնեց՝ իրավիճակի որոշ բարելավում կա․ - «Մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»։
Օրեր անց Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Փաշինյանը տեղեկացրեց, որ Տեղ գյուղում այդ 5 կմ խնդրահարույց սահմանից 1.4-ն արդեն ճշգրտվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիներն ու ռուս խաղաղապահները բանակցում են այնտեղ, ուր ադրբեջանցիները փորձում են անցակետ տեղադրել․ Տեղի համայնքապետ