Նպատակն է՝ ունենալ Երևան-Կապան կանոնավոր ավիափոխադրումներ, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը՝ դրական գնահատելով մարդատար օդանավի երեկ փորձնական առաջին թռիչքը։
Նախարարն ասաց՝ երկու նպատակ ունեին՝ ուսումնասիրել Երևանից Կապան թռիչքուղին և փորձարկել օդանավակայանին մոտեցող վայրէջքների և թռիչքների սխեմաները, երկուսն էլ, ըստ Սանոսյանի բարեհաջող են ընթացել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք կիրականացվիՆախարարը թռիչքից որոշ մանրամասներ ներկայացրեց՝ նշելով՝ այն տևել է 46 րոպե, կանոնավորի դեպքում այդ ժամանակը կկրճատվի 4-5 րոպեով։ Խումբը մոտ երկու ժամ աշխատել է օդնավակայանի հարակից տարածքում, 13 մոտեցում է եղել, 6 վայրէջքներ և թռիչքներ, 2 անգամ երկրորդ մոտեցում։
«Թռիչքուղու ուղղությամբ այն, ինչ գրասենյակային առումով իրականացվել է, կարծես, համընկել է», - ասաց նախարարն՝ ընդգծելով՝ մի հատվածում են խնդիր ունեցել՝ մոտ երկու րոպե ինքնաթիռը որոշ սարքավորումներով չի նկատվել։ Նախարարը դա կապեց տեխնիկական խնդիրների հետ՝ նշելով՝ այդ ուղղությամբ ալեհավաքներն ու սարքավորումները կշտկվեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե խնդի՞րն է ապահովել կանոնավոր չվերթների իրականացումը Երևանից դեպի Կապան, Սանոսյանը պատասխանեց դեռ երկու-երեք շաբաթ վերլուծություններ կանեն՝ չբացառելով կրկին փորձնական թռիչքները։
«Խնդիր կա նաև փորձել հասկանալ տեխնիկապես ինչպես կազմակերպել, քանի որ ներքին թռիչք է և՛ «Զվարթնոցում», և՛ տեղում ինչպես կազմակերպել, որովհետև անձնագրային որոշակի գործառույթները պետք է հասկանալ։ Օդանավակայանը, մեծ հաշվով, պատրաստ է Կապանի թռիչքներն ընդունելու և, այո՛, մեր նպատակն է այս ամենն ավարտելուց հետո գնալ նրան, որ ունենանք կանոնավոր փոխադրումներ», - ասաց նախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փորձնական թռիչք իրականացրած օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել «Սյունիք» օդանավակայանում