Որոշակիորեն վերականգնվել է հումանիտար բեռների ներկրումը Հայաստանից. Արցախի տեղեկատվական շտաբ

Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում, արխիվ

Արցախի կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում այսօր հաջողվել է որոշակիորեն վերականգնել վերջին օրերին խափանված հումանիտար բեռների ներկրումը Հայաստանից, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ըստ հաղորդագրության, խաղաղապահների միջոցով ներկրված բեռի հիմնական մասը եղել է առաջին անհրաժեշտության՝ կտրոնային համակարգում ներառված սննդամթերք, որը վաղվանից մատակարարվելու է խանութներ:

Ադրբեջանցիները կիրակի օրը փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է` ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից լրացուցիչ սահմանափակումները հանգեցրել են նվազագույն ծավալի կենսական նշանակության ապրանքների ներկրման անհնարինության:

Ռուսական խաղաղապահները զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ շարունակում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։