Շուրջ երեք տարի ձգված քննությունից հետո դատախազությունը հաստատել է ընտրակաշառք բաժանելու գործով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մեղադրանքն ու այն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել, կալանավորվելու միջնորդություն կա, նա մեղադրանքը չի ընդունումՆույն մեղադրական եզրակացությամբ իրավապահները հաստատված են համարել նաև Ծառուկյանի բիզնես կայսրության տնօրեն Սեդրակ Առուստամյանի մեղադրանքը։ Երկուսն էլ չեն ընդունում 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կաշառք տալու մեղադրանքը։
Խոսքն ընդհանուր 90 միլիոն դրամ ընտրակաշառքի մասին է։ Իրավապահները պարզել էին, որ Գեղարքունիքի մարզում մեկ ձայնը ԲՀԿ-ի համար արժեցել է 10 հազար դրամ։
«Քննվում է Երրորդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը, որովհետև ի վերջո ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում», - այդ ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, թե ԲՀԿ-ի պարագայում ծախսվել են հիմնականում մի մարդու փողեր։
Ինքը Ծառուկյանը քրեական գործն անվանել էր շինծու. - «Որևէ ձևի հարց իմ հետ կապված չկա, որևիցե մի խնդիր չկա, որևիցե մի հարցով կառավարման հետ ես ոչ մի կապ չունեմ, կան կառավարիչներ։ Իսկ մնացածի հետ որևիցե մեկը, եթե բան կա ասելու, կարա գա առերեսման։ Շատ շինծու, սարքած գործ ա։ Դատարանը կքննի, բոլորը դա կտեսնեն»։
2020-ին իրավապահները հայտարարել էին, որ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակում 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը պատմել է, որ Ծառուկյանն իրեն առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում։ Պողոսյանն էլ դիմել էր Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին՝ գումար ստանալու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վազգեն Պողոսյան. «Ծառուկյանի հետ ոչ մի խնդիր չունեմ, այդ ամենը սուտ է»Հետագայում Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում սուտ էր որակել պնդումները, թե Ծառուկյանի տված գումարն օգտագործել են որպես ընտրակաշառք՝ շեշտելով, որ իրավապահների նշած 90 միլիոն դրամը ծախսվել է բացառապես նախընտրական շրջանում քարոզարշավի համար. - «Ես Ծառուկյանի հետ առերեսվել եմ ԱԱԾ-ի քննչական կոմիտեում։ Եվ ուրեմն, դուք կարող եք այդ բոլոր գաղտնիքները իմանալ քննչական կոմիտեում: Ես Ծառուկյանի հետ ոչ մի խնդիր չունեմ, այդ ամենը սուտ է, այդ ամենը ուղղակի ժողովրդի մեջ հետաքրքրություն առաջացնելու համար է: Եվ ես ու Ծառուկյանը իրար ճանաչում ենք 90 թվից, ես կառուցել եմ նրա բուրգերը, նրա խաղատունը, եկեղեցու հիմքերը՝ այդ բոլորը ես եմ կառուցել և շատ առատաձեռն վարձատրվել եմ»։
Այս քրեական գործի մասին իրավապահները հայտարարեցին այն ժամանակ, երբ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանը սկսեց քննադատել Փաշինյանի կառավարությանը՝ պահանջելով նրա հրաժարականը։ ԲՀԿ-ականները մեկը մյուսի հետևից հայտարարում էին քաղաքական հետապնդման մասին։ Իշխանությունները հակադարձում էին, որ որևէ ազդեցություն իրավապահների վրա չկա։
Շուրջ երեք տարի քննված այս գործի վաղեմության ժամետներն անցել են, մեկ տասնյակից ավելի մեղադրյալներ դատարանի առջև չեն կանգնի հենց ժամկետները լրանալու պատճառով։ Սակայն Ծառուկյանն ու Սեդրակ Առուստամյանը համաձայն չեն օգտվել այս հնարավորությունից։
«Մուլտի գրուպի» տնօրեն Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանն ասում է՝ պաշտպանյալը արդարացում է պահանջում, նրա դեմ որևէ ապացույց չկա. - «Վազգեն Պողոսյանը պիտի ասի դա։ Նա էլ ասում ա՝ էս մարդուց փող չեմ վեկալե։ Առերեսումներ ա եղել նախաքննության ժամանակ, առերեսման ժամանակ հարց ա ուղղվել՝ ձեր միջև փողային, գումարային խոսակցություններ եղե՞լ ա։ Ասել ա՝ չէ։ Էլ ի՞նչ փող տալ, էլ ինչ տանել-բաժանել...»
Թեև Ծառուկյանն ու Առուստամյանը արդարացում են պահանջում, բայց եթե անգամ դատարանը արդարացնելու փոխարեն նրանց մեղավոր ճանաչի, միևնույն է նրանք չեն ազատազրկվի վաղեմության ժամկետները լրանալու արդյունքում։ Այսօր ԲՀԿ առաջնորդի փաստաբանը փոխանցեց միայն՝ գործում որևէ ապացույց չկա։