Այսօր առավոտյան հարձակման է ենթարկվել Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքը։ Նախնական տվյալներով, տասը մարդ վիրավորել է, առնվազն երկու մարդ մահացել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրթիռակոծվել է Ուկրաինայի Կուպյանսկ քաղաքի երկրագիտական թանգարանը, կա մեկ զոհ
Մինչ այդ ռազմի դաշտից ստացվում են իրարամերժ տեղեկություններ: Բախմուտում իրավիճակը մնում է չափազանց լարված, քաղաքի արևմտյան թաղամասերը պահող ուկրաինացի զինծառայողները պատմում են, թե ռուսները շատ են ուզում նաև այդ մասը գրավել. - «Նրանք մեծ ջանք են գործադրում, սակայն դեռ չի ստացվում։ Վերջին օրերին նրանք ռմբակոծու են մեր դիրքերն բոլոր զենքերով, Էս-300-ով»։
Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել է, թե մարտերը Բախմուտ քաղաքի արևմտյան թաղամասերում շարունակվում են։ Երեկ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին հերթական անգամ անձամբ էր այցելել ռազմաճակատի այդ հատվածը, և խոստովանել, որ իրավիճակը «տագնապալի» է, և քաղաքում ընթանում են ամենադժվար մարտերը։
Մյուս կողմից, իսպանական El Mundo-ն, որի թղթակիցները նոր են այցելել Բախմուտ, գրել է, թե Ուկրաինայի զինված ուժերի զինտեխնիկան այժմ Բախմուտից հեռանում է միակ մնացած «կյանքի ճանապարհով»: Սակայն քաղաքում մնում է մոտ 6-7 հազար ուկրաինացի զինվորական։
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի ամենօրյա զեկույցի համաձայն, ուկրաինացի զինվորականները նաև որոշակի հաջողություններ ունեն և առաջ են շարժվել Լուգանսկի շրջանի Կրեմեննայա քաղաքից հարավ՝ Վերխնեկամենսկոյե գյուղի մոտ։ Զեկույցում միաժամանակ ասվում է, որ Ռուսաստանը չի դադարում Լուգանսկի շրջանի մնացած մասը գրավելու և Դոնեցկի շրջանի հյուսիսային հատվածը շրջափակելու փորձերը, սակայն դրանք անհաջող են։
Ուկրաինական հակահարձակումը կսկսվի արդեն հաջորդ ամսվա սկզբին. New York Times
Լարված վիճակը Դոնբասում չի խանգարում Կիևին պատրաստվել հակահարձակման, որը պետք է սկսվի արդեն առաջիկա շաբաթներին։ Երեկ այս մասին հայտարարել է Ուկրաինայի հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը՝ շեշտելով, թե հակահարձակումը սկսվելու է մինչև ամառ։ Կոնկրետ ժամկետ պաշտոնյաները չեն հայտնում։
New York Times-ը սակայն, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, թե ուկրաինական հակահարձակումը կսկսվի արդեն «հաջորդ ամսվա սկզբին»։ Ըստ հրապարակման, ուկրաինացի զինվորականները Վաշինգտոնի հետ չեն կիսում հակահարձակման իրենց ծրագրերը, սակայն հոդվածի հեղինակները գրում են, թե դա կլինի երկրի հարավում, բռնակցված Ղրիմից ոչ հեռու։
Առանց վճռական հաղթանակի, Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային կարող է թուլանալ, և Կիևին կարող են ճնշել բանակցություններ սկսելու հարցում։ Բացի այդ, ռուսական կողմը կարող է վերակազմավորվել ու անցնել նոր հարձակման: Նախօրեին այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին. - «Մենք խորացնում ենք մեր օգնությունը Ուկրաինային համաձյան նրանց պահանջների։ Մենք, օրինակ, գիտենք, որ գարնանը, երբ եղանակն արդեն սկսել է բարելավվել, կարող ենք ակնկալել, որ ռուսներն էլ կցանկանան հարձակման անցնել որոշ տարածքներում։ Մենք հստակ չգիտենք, թե որտեղ և ինչպես դա կանեն»:
Մոսկվան կրկին սպառնում է միջուկային զենքով
Մինչ ուկրաինական և ռուսական բանակները պատրաստվում են վճռական ճակատամարտի, Մոսկվան կրկին սպառնում է միջուկային զենքով:
Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի հնարավոր հակառակորդները չպետք է այդ հարցում ռուսաստանի հնարավորությունները թերագնահատեն։ «Դուք ասացիք, որ Ռուսաստանը երբեք առաջինը չի օգտագործի միջուկային զենք։ Իմացեք, որ սա այնքան էլ այդպես չէ», - հայտարարել է Մեդվեդևը՝ հավելելով, թե Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե այլ պետությունների ագրեսիան սպառնա իր գոյությանը. - «Եթե ձեր ձեռքերում ինչ-որ զենք կա, իսկ ես որպես նախկին նախագահ գիտեմ, թե դա ինչ է, դուք պետք է պատրաստ լինեք, որ որոշակի իրավիճակում ձեր ձեռքը չի տատանվի այն օգտագործելու համար, որքան էլ հրեշավոր ու դաժան է սա հնչում։ Այս բոլոր գործոնները չպետք է թերագնահատվեն մեր պոտենցիալ հակառակորդների կողմից»։
Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարարության միջուկային զենքի չտարածման բաժնի ղեկավար Վլադիմիր Երմակովը ռուսական պետական ТАСС գործակալությանը հայտնել է, որ Վաշինգտոնի պահվածքը մեծացնում է Ռուսաստանի հետ ուղիղ բախման վտանգը։ Ավելին, նա սպառնացել է, որ Մոսկվան կարող է դուրս գալ Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրից։