Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը երկուշաբթի օրը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նախագիծը նաև Արցախի անկախության միջազգային ճանաչման կոչ է անում՝ ԱՄՆ վարչակազմին հորդորելով ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Նախագծում ընդգծված է, որ Արցախի անկախությունը հռչակվել է ՄԱԿ-ի կողմից ամրագրված ինքնորոշման իրավունքին և 1991 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքներին համապատասխան:
Փաստաթուղթը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ չհրահրված հարձակումները և կոչ է անում Բաքվին առանց նախապայմանների վերջ տալ շրջափակմանն ու Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիային:
Միացյալ Նահանգների վարչակազմին նախագիծը կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ դրանով իսկ այդ երկրի վարչակազմի համար հստակեցնելով, որ հետագա հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ կհանգեցնեն պատժամիջոցների և այլ միջոցների:
Բանաձևի նախագծում ընդգծված է աջակցությունը Միացյալ Նահանգների ժողովրդավարական գործընկեր Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից հարձակումների և միջազգային օրենքների ու նորմերի աղաղակող խախտումների:
Փաստաթուղթը նաև սատարում է Հայաստանում և Արցախում ադրբեջանական ագրեսիայից տուժածներին ամերիկյան և միջազգային մարդասիրական օգնության ծրագրերը:
ԱՄՆ իշխող կուսակցությունից ևս երկու կոնգրեսականների՝ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնի և Ջոշ Գոթհայմերի հետ միասին ներկայացնելով նախագիծը՝ Ադամ Շիֆն ընդգծել է, որ դա հատուկ անում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի կապակցությամբ, ինչը անչափ կարևոր է:
«Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հանուն փրկության նրա անջատման անհրաժեշտությունը, և դադարեցնի Ադրբեջան օգնություն ուղարկելը», - հայտարարել է Ադամ Շիֆը՝ շեշտելով, որ դա չանելը կքաջալերի «Ալիևին հայ ժողովրդին ոչնչացնելու իր ջանքերում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադամ Շիֆ․ «Պատրաստվում եմ Կոնգրեսում շրջանառության մեջ դնել Արցախի ճանաչման բանաձևը»