«ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի առաջ, դա մի օր տեղի կունենա», - այսօր Կիևում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Առանց ժամկետներ նշելու՝ նա միաժամանակ ընդգծել է, որ այժմ Արևմուտքի նպատակն է օգնել, որ նախ Ուկրաինան հաղթի պատերազմում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստոլտենբերգը նախապես չհայտարարված այցով ժամանել է Կիև«Ուկրաինայի արժանի տեղը եվրատլանտյան ընտանիքում է: Ուկրաինայի արժանի տեղը ՆԱՏՕ-ում է: Դաշինքի բոլոր անդամները համաձայն են սրա հետ», - հավելել է նա։
Սա ստոլտենբերգի առաջին այցն է Կիև Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո։
«Մենք սա շատ կարևոր քայլ ենք համարում», - հայտարարեց Ուկրաինայի նախագահը՝ հորդորելով հնարավորինս շուտ լուծել Ուկրաինայի անդամակցության հարցը և օգնել Կիևին «հաղթահարել անդամ որոշ երկրների դժկամությունը» Կիևին որոշակի տեսակի զենքեր տրամադրելու հարցում։ Զելենսկին դաշինքից խնդրում է ժամանակակից ավիացիա, հրետանի, զրահատեխնիկա։
«Ուկրաինային օգնելը բխում է մեր շահերից», - արձագանքեց Ստոլտենբերգը։ - «Մեզ ձեռնտու է ապահովել Ուկրաինայի գերակայությունը, քանի որ եթե նախագահ Պուտինը հաղթի, նրա հաղթանակը աշխարհն ավելի վտանգավոր կդարձնի, և նաև մեզ՝ ավելի խոցելի։ Ուստի մեր անվտանգության շահերից է բխում ձեզ աջակցելը»:
Financial Times-ը այսօր գրել է, թե Վաշինգտոնում մտահոգություններ կան, որ այս փուլում խորացնելով հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ ՆԱՏՕ-ն կաևող է է'լ ավելի սրել Ռուսաստանի հետ տարաձայնությունները, ինչը կարող է հանգեցնել միջուկային զենքի հնարավոր կիրառմանը:
Մոսկվան արդեն արձագաքնել է Ստոլտենբերգի այցին և դաշինքին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին հայտարարություններին։ Պուտինի մամուի քարտուղարն այսօր հիշեցրել է, թե «հատուկ ռազմական օպերացիայի» նպատակներից մեկը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության կանխումն է․ - «Միանշանակ։ Որովհետև հակառակ դեպքում դա լուրջ, էական սպառնալիք կլինի մեր երկրի, մեր երկրի անվտանգության համար»։
Մինչ այդ Ուկրաինայի պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերը հասել են Ուկրաինա։ Հրթիռներից բացի, արևմտյան դաշնակիցները պարտավորվել են Ուկրաինայի զինված ուժերին մատակարարել տանկեր, հրետանային կայանքներ և որոշ տեսակի կործանիչներ, որոնք անհրաժեշտ են ուկրաինական բանակին հակահարձակում սկսելու համար։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել է Ուկրաինային 325 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։ Սպիտակ տան հաղորդմամբ, այս նոր փաթեթը կներառի HIMARS բազմակի հրթիռային համակարգերի զինամթերք, հրետանային արկեր, հակատանկային ականներ։
Այսօր նաև Դանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները հայտարարեցին, որ Դանիան և Նիդեռլանդները 14 գերմանական Leopard 2 տանկ կհանձնեն Ուկրաինային։
Մինչ Արևմուտքը արդիական զինտեխնիկա է մատկարարում Կիևին սպասվող հակահարձակման համար, ռուսական ուժերը կրկին սկսել են օգտագործել իրանական անօդաչու սարքեր՝ շարունակելով Բախմուտը գրավելու ինտենսիվ փորձերը։ Կիևը պնդում է, թե հիմա ռուսները ստիպված են վերանայել ռազմավարությունն ու անցնել պաշտպանության։
«Նրանք բավականաչափ ռեսուրս չունեն», - ասում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության խոսնակ Անդրեյ Յուսովը։ - «Դա չի նշանակում, թե ռուսական բանակը պարտված է. այն դեռևս ունի մեծ քանակությամբ կենդանի ուժ, մոբիլիզացիոն ներուժ, ինչպես նաև զգալի քանակությամբ հին տեխնիկա։ Բայց Ուկրաինայում ոչնչացվել է ռուսական բանակի առավել մարտունակ մասը»։
Այդուաեմնայնիվ, այսօր ռուսները շարունակում են հարձակողական գործողությունները Դոնբասում միանգամից չորս ուղղություններով և կանգ առնելու որևէ որևէ մտադրություն չոնեն, ինչի մասին գրեթե ամեն օր հայտարարում են։