«Տեղ գյուղում ունենք 11 կմ, որից 5 կմ հատված մենք համարել ենք խնդրահարույց», - այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով՝ այսօրվա դրությամբ այդ խնդրահարույց հատվածները կրճատվել են ևս 1.4 կմ-ով։
Փաշինյանի պարզաբանմամբ, դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է։
«Դա նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք։ Դա նշանակում է նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա», - ասել է գործադիրի ղեկավարը՝ հույս հայտնելով, որ մնացած 3.6 կմ հատվածն էլ կճշգրտվի և թեման կամփոփվի։
Մարտի 30-ին Բաքուն հայտարարեց, թե Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նախ հայտարարեց, որ ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել, ապա մեկ այլ հայտարարությամբ տեղեկացրեց, որ սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում այդ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է՝ առանց հստակեցնելու, թե ինչի մասին է խոսքը։
Մինչ Տեղի բնակիչներն ահազանգում էին, որ ադրբեջանցիներն ամրանում են իրենց դաշտերում, կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դարձյալ առանց մանրամասներ ներկայացնելու, կրկնեց՝ իրավիճակի որոշ բարելավում կա․ - «Մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղ գյուղի արյունոտ բախումը պայքար էր մեկ դիրքի համար․ Տիգրան Աբրահամյան