«Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ ընդունում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը, բացահայտում Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունները». Հայաստանի Արտգործնախարարությունն այսօր արձագանքեց Իլհամ Ալիևի երեկվա հայտարարություններին։
Ալիևը հերթական անգամ սպառնացել, վիրավորել էր հայերին, նոր պահանջներ դրել։ Խոսելով Հայաստանի հետ խաղաղության կնքելու անհրաժեշտությունից՝ նաև շեշտել՝ Բաքուն հզորացնում է բանակը, որպեսզի պատրաստ լինի ցանկացած իրավիճակի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը Հայաստանից պահանջում է հստակ հայտարարել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»Պաշտոնական Երևանը Ալիևի հայտարարությունները Կովկասում խաղաղության հաստատման հայկական կողմի և միջազգային հանրության ջանքերը տորպեդահարելու ապացույց է համարել։
«Իլհամ Ալիևն իր այս հայտարարություններով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում միջազգային տարբեր գործընկերների նկատմամբ, ում ներկայությամբ և միջնորդությամբ Ադրբեջանը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և ստանձնել է մի շարք հստակ պարտավորություններ, այդ թվում՝ և´ Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման, և´ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծման շուրջ», - հայտարարում է պաշտոնական Երևանը:
«Ալիևը չպիտի թելադրի Հայաստանի իշխանությանն՝ ինչ անել»
Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն Իլհամ Ալիևի հայտարարությունները ագրեսիվ որակեց:
«Եվս մեկ անգամ աշխարհին ի ցույց դրեց հայատյացությունը և որպես միջազգային գործընկեր բանակցելու, խոսելու և աշխատելու ոճը մեզ ևս մեկ անգամ ինչ-որ բան պարտադրելու փորձ անելու տարբերակ էր», - ասաց Ալեն Սիմոնյանը:
Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրի» մեկ այլ անդամ՝ Արմեն Խաչատրյանը ասաց՝ Ալիևը չպիտի թելադրի Հայաստանի իշխանությանն՝ ինչ անել։
Հայտարարելով, որ Հայաստանի ղեկավարությունն այժմ «սկզբունքորեն համաձայն է» հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի վերաբերյալ իրենց մոտեցումներին՝ Ալիևը, հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» նախապատերազմյան հայտարարությունը, նաև պահանջել է խմբագրել այն ու ասել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է»։
ՔՊ-ական Խաչատրյանը Ալիևի հայտարարությունները սանձարձակ որակեց՝ կոնկրետ պատասխան չտալով հարցին՝ կկատարի՞ Փաշինյանն Ալիևի պահանջը, թե՝ ոչ։
«Ալիևը չի, որ պետք է թելադրի՝ մենք ինչ անենք և ոնց անենք: Ամբողջ խնդիրը կայանում է հենց նրանում, որ Ալիևը պետք է հասկանա, որ ինքը ուժով ու բռնությամբ որևէ հարց չի կարող լուծել, թեև այսօր աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ որևէ բան բացառել հնարավոր չէ, պետք է պատրաստ լինել ամեն ինչին, բայց ես գիտեմ, որ մի օր այդ ատելության և այդ ագրեսիվ պահվածքը հենց իր իշխանության դեմ է լինելու: Կգա ժամանակը և այդպես կլինի: Բոլոր բռնապետների վերջն էլ դա է», - ասաց պատգամավորը:
«Ալիևը փորձում է օգտագործել ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում բացված հնարավորության պատուհանը»
Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է՝ Ալիևը շտապում է, փորձում է օգտագործել ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում բացված հնարավորության պատուհանը, քանի կարող է։
«Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Ալիևին միայն հայտարարությունները չեն բավարարում, Երևանից փաստաթղթային ամրագրում է ուզում։
«Ակնհայտ է, որ նա իր համար ձեռնտու ազդանշանները անձամբ Փաշինյանից ստանում է՝ և՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված, և՛ Արցախի հարցի հնարավոր հանգուցալուծման վերաբերյալ, և դա ամբողջությամբ բավարարում է Ադրբեջանին, քանի որ ենթադրում է Արցախի ամբողջական վերահսկողություն Ադրբեջանի կազմում, գումարած այն տարածքային պահանջների բավարարում, որոնք ենթադրում են այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքների փոխանցումը Ադրբեջանին: Ի՞նչն է, որ չի բավարարում, նա փորձում է այդ ամենը փաստաթղթավորել, որպեսզի կարողանա այս կամ մնացած բոլոր հաջորդ իշխանությունների պարագայում ստանալ իրեն համար նպաստավոր պայմաններ՝ դիրքավորման և բանակցությունների վարման համար», - նշեց Աբրահամյանը:
Եթե պատգամավորը Ադրբեջանի նախագահի քայլերը փութկոտ է որակում, Հայաստանի իշխանությանը, հակառակը, կարծում է՝ չի շտապում. - «Որովհետև գիտակցում է, որ արագ գործընթացները մեծ առումով կարող են բերել իրենց իշխանության ավարտին և բնական է, որ այս պարագայում Հայաստանի իշխանությունը փորձում է ձգձգել և իր առաջ դրված ադրբեջանական պահանջները աստիճանաբար կատարել»:
Արցախից անընդունելի են համարում վարչապետի տեսակետը, թե Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
Մինչ վարչապետ Փաշինյանը երեկ հայտարարում էր, թե Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում, որ Ադրբեջանը նույնը անի, Արցախից այսօր հակադարձեցին՝ անընդունելի են համարում վարչապետի տեսակետը, թե Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ «փորձելով այդ ամենը հիմնավորել Մադրիդյան աշխատանքային փաստաթղթի մեկ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալմաաթայի հռչակագիրը»։
Խորհրդարանական խմբակցությունները շեշտում են՝ Փաշինյանն անտեսում է հանգամանքը, որ այդ փաստաթուղթն ընդունել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին առնչվող սկզբունքային վերապահումով։
«Հայաստանի պաշտոնական շրջանակներն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են նրա ինքնորոշման իրավունքից՝ անտեսելով վերջինիս վճռորոշ պարագան, ինչն իրականում համահունչ է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը», - ասված է հաղորդագրությունում։
Ալիևը երեկ կրկին բացառեց Հայաստանից ամիսներ շարունակ հնչող առաջարկը՝ միջազգային միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցությունները: Ղարաբաղի հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, ապրեն Ադրբեջանի դրոշի ներքո կամ ապրելու այլ տեղ գտնեն, ասաց։ Ստեփանակերտից հայտարարում են՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ: