Առողջապահության նախարարությունն արդեն պետական մյուս մարմիններին է ուղարկել «Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի» նախագիծը։ Պաշտոնական կարծիքներից հետո նախագիծը հանրային քննարկման կդրվի։
Ըստ ծրագրի՝ մյուս տարվանից ապահովագրական համակարգին կմիանան սոցիալական հատուկ խմբերը, 2025-ին՝ պետական աշխատողները, 2026-ին՝ մասնավոր հատվածի բոլոր աշխատողները, իսկ արդեն 2027-ին ապահովագրության փաթեթ պետք է ունենա բնակչության 95 տոկոսը։
Առողջապահության նախարարի խորհրդական, նախարարության փորձագետ Սամվել Խարազյանն ասաց՝ կգործի երկու փաթեթ՝ նվազագույն ու հիմնական։
«Հիմնական ծառայությունների փաթեթում, օրինակ, սրտի վիրահատությունները, օնկոլոգիան, դեղորայքի փաթեթը, այն բոլոր ծառայությունները, որոնք անհրաժեշտ են հիմնական կարիքները բավարարելու համար, նաև կանխարգելիչ հետազոտությունները, ախտորոշիչ ծառայությունները: Իսկ նվազագույն ծառայությունների փաթեթում ընդգրկված են ծառայություններ, որոնք անհրաժեշտ են վարակիչ հիվանդությունների մասով՝ տուբերկուլյոզ, ինֆեկցիոն ծառայություններ, նույն ծննդօգնությունը, պոլիկլինիկական որոշ ծառայություններ», - ներկայացրեց Խարազյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առողջության համընդհանուր ապահովագրությունն առաջարկվում է ներդնել փուլերով՝ մինչև 2027-ըԱռայժմ խիստ նախնական են հաշվարկները, որ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի առողջապահական փաթեթ ունենալու համար տարեկան 150-200 հազար դրամ կվճարի, այսինքն, ամսական առավելագույնը մոտ 17 հազար դրամ։ Նախատեսվում է, որ միջին աշխատավարձից ցածր վարձատրվող քաղաքացիների գումարի մի մասը պետությունը կվճարի։ Քաղցկեղ ունեցող մարդկանց քիմիաթերապիայի համար էլ 1.6 մլն դրամ կհատկացվի։
Ըստ Խարազյանի՝ կրկին, խիստ նախնական հաշվարկներով՝ գուցե կարողանան նաև քաղցկեղի բուժման փաթեթն ընդլայնել։ Նվազագույն փաթեթում ներառված չեն լինի բոլոր այն ծառայությունները, որոնք այս պահին էլ անվճար են, նախարարության փորձագետն ասաց՝ այդ փաթեթը կսահմանափակվի։
«Երբ որ ասում ենք, որ առողջության առաջնային պահպանումը անվճար է բոլորի համար, անսահմանափակ, բայց միևնույն ժամանակ առողջության առաջնային պահպանմանը վճարում ենք միջինում ընդամենը 7-8 հազար դրամ մի մարդու հաշվով, բայց ծառայությունների գները բավական բարձր են, այս դեպքում բժիշկների աշխատավարձն էլ 200-300 հազար դրամ է, բնականաբար, այս դեպքում բոլորին ամեն ինչ, սկզբունքը այդքան էլ ճիշտ չի աշխատում, դրա համար մենք պետք է նաև որոշակի ձևով այդ պարտավորությունների կշիռը ճիշտ կազմենք», - ասաց փորձագետը:
Պետական ապահովագրական փաթեթից դուրս կմնան, օրինակ, պլաստիկ վիրահատությունները, վերականգնողական որոշ բուժումներ։ Դրանցից օգտվելու համար, քաղաքացին կարող է դիմել մասնավոր ապահովագրողներին։
Բժիշկ Տեր-Մինասյանը գլխավոր խնդիրների լուծումները դեռ չի տեսնում
Նախորդ շաբաթվանից հասարակական կազմակերպությունների ու ոլորտի մասնագետների հետ հանդիպումներ սկսած նախարարության ներկայացուցիչներին բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը կրկին իր առաջարկներն է ներկայացրել։ «Ազատության» հետ զրույցում Տեր-Մինասյանն ասաց՝ պատրաստ է աջակցել, որ համակարգը ներդրվի ու կայանա, բայց գլխավոր խնդիրների լուծումներն ասաց՝ դեռ չի տեսնում:
«Դեռևս որևէ չափորոշիչ՝ օրինակի համար X կամ Y վիրահատությունն ինչ է արժենալու, որովհետև երբ որ քննարկում էինք, ասում էինք՝ եթե էսօրվա պետպատվերի գներն են լինելու, ապա դրանք լավը չեն, չեն համապատասխանում իրականությանը և պահանջներին, պատկան մարմինները ասում են՝ չէ, դա չի լինելու: Ասում ես՝ լինելու են այն շուկայական գները, որոնք կան վճարովի ծառայությունների մոտ, ասում են՝ չէ, էդ էլ չի լինելու», - նշեց բժիշկը:
Տեր-Մինասյանն օրինակ է բերում՝ եթե եվրոպական չափորոշիչով հիվանդին ցուցված է վիրահատություն, մյուս երկրի չափորոշիչով՝ ոչ, բժիշկը չի կողմնորոշվելու՝ վիրահատե՞լ, թե՞ ոչ։ Հետևաբար պետք է ունենալ մեկ հստակ չափորոշիչ՝ ցանկացած խնդրի դեպքում, թեև նախարարությունից խոստանում են, որ կլինի, այդուհանդերձ դեռ չկա։
«Ըստ չափորոշչի էլ հաշվարկվելու են ծախսերը»,- ասաց Տեր-Մինասյանը։
Բժիշկը հույս ունի, որ պետական ապահովագրական գործակալությունն այսօր գործող մասնավորների սխեման չի կրկնի, հիվանդին չի ուղղորդի կոնկրետ կլինիկա։ Թեև «Ազատության» զրուցակցի խոսքով՝ գրեթե նույնն է վիճակը պետպատվերով հատկացվող գումարների դեպքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2023-ին կներդրվի առողջության համընդհանուր ապահովագրությունը․ բժիշկը տապալման վտանգ է տեսնում«Ես աշխատում եմ ևս մեկ այլ կենտրոնում, որի հետ պետությունը ունի պայմանագիր՝ ուռուցքային հիվանդությունների պահով, որտեղ մարտ ամսին հատկացված գումարն արդեն ամբողջությամբ կատարել ենք, ու ես հիմա չեմ կարողանում հիվանդներին վիրահատեմ, որովհետև համապատասխան գումար չի հատկացվում պետպատվերի շրջանակներում», - ասաց նա:
«Ապահովագրության ներդրումից հետո, այսպիսի դեպքերը չպետք է կրկնվեն», - ասաց բժիշկ Տեր-Մինասյանը։ Նախարարության փորձագետ Սամվել Խարազյանն էլ բացատրում է՝ պացիենտը հիվանդանոց ընտրելու հնարավորություն կունենա միայն նախարարության առաջարկած ցանկից։
«Նախարարությունը կհայտարարի իր պայմանները, հիվանդանոցներն ու անգամ դեղատները կներկայացնեն հայտ, համապատասխանելու դեպքում միայն կկարողանան սպասարկել ապահովագրություն ունեցող մարդուն», - ընդգծեց նախարարության փորձագետը։
Սա այս օրերին ընթացող քննարկումներին մասնակցող ՀԿ-ի ներկայացուցիչներն են քննադատում, շեշտում են՝ ապահովագրության համար վճարող քաղաքացին ինքը պետք է հիվանդանոց, բժիշկ ու դեղատուն ընտրելու իրավունք ունենա, պետությունն էլ փոխհատուցի իր մասը։