Մատչելիության հղումներ

Առողջապահության ոլորտը՝ նախընտրական ծրագրերում


Հիվանդանոց Երևանում, արխիվ
Հիվանդանոց Երևանում, արխիվ

Առողջապահության երկու նախարար ունեցած Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Կարինե Աճեմյանը վստահեցնում է՝ երբ իրենք էին իշխանության գլուխ, առողջապահությանն ուղղվող գումարները տարեցտարի ավելացել են: Ըստ Աճեմյանի, իրենց քաղաքական ուժն այս ոլորտում կարևորում է նախ ծախսերի օպտիմալացումն ու պետպատվերի հասանելիությունը:

«Առաջինը՝ մենք համարում ենք, որ ծախսերի օպտիմալացումը շատ կարևոր է, որովհետև հստակ է, որ թիրախային խմբերը, անապահով խմբերը պիտի անպայման պետպատվերի տակ լինեն, պիտի անպայման ապահովագրված լինեն։ Շատ կարևորում ենք առողջական պարտադիր ապահովագրությունը, որը թույլ կտա, որպեսզի և՛ պետական ծառայողները, և՛ այդ միջին խավի ներկայացուցիչները ապահովագրված լինեն։ Մեր իշխանության տարիներին տարեցտարի ավելացել են գումարները առողջապահության, որովհետև դրանք կարծես չերևացող են, բայց շատ կարևոր են», - ասաց Կարինե Աճեմյանը։

Ի դեպ, հեղափոխությունից հետո մեղադրանք առաջադրվեց Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի խնամի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Արա Մինասյանին: Ըստ Քննչական կոմիտեի՝ Մինասյանը հենց Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով խարդախությամբ հափշտակել է ավելի քան 426 միլիոն դրամ: Մինասյանը հետախուզման մեջ է:

«Իմ քայլը» դաշինքից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, հակադրվելով Կարինե Աճեմյանին, ասաց, որ եթե նախորդ կառավարությունը ծրագրել էր տարեկան 5 միլիարդ դրամով նվազեցնել առողջապահությանն ուղղված գումարը, ապա այժմ հակառակն է՝ այդ գումարները տարեկան 10 միլիարդով ավելանալու են: Թորոսյանը վստահեցրեց՝ 20 տոկոսով առաջնային օղակում աշխատավարձերի բարձրացումը շարունակական է լինելու: Նախընտրական ծրագրում երեք հիմնական ուղղություններ են առանձնացրել։

«Մեկը՝ դա հիվանդությունների կանխարգելման վրա շեշտը դնելն է և ոչ միայն բուժման, մենք առաջինը պետք է մտածենք դրանք կանխարգելելու վրա, որը հիմնականում պետք է արվի առաջնային օղակի միջոցով՝ ամբուլատոր պոլիկլինիկական, երկրորդը՝ դա համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովումն է, որը ենթադրում է, որ բնակչության լայն շերտեր պետք է ընդգրկվեն այդ համակարգի մեջ և աղետալի ծախսեր չանեն իրենց հիվանդությունների համար։ Դա հիմնականում արվում է ապահովագրական բժշկության ներդրման միջոցով, որին մենք գնալու ենք։ Երրորդը՝ ուռուցքաբանությունն է․ պետք է զբաղվել թե՛ բուժման և թե՛ սկզբից կանխարգելման, վաղ հայտնաբերման, հսկման, նորից բուժման, հետո էլ արդեն ամոքիչ բժշկության, ու արդեն քայլեր էդ ուղղությամբ արվում են», - նշեց Առողջապահության նախարարի պաշտոնակատարը։

Նորաստեղծ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ԱԺ պատգամավորի թեկնածու Սևակ Ծատուրյանն ասում է, որ իրենց քաղաքական ուժը նույնպես խոստանում է ներդնել առողջապահական ապահովագրության համակարգը, առաջին փուլում կընդգրկվեն ուռուցքային հիվանդություններ ունեցող մարդիկ:

«Որպես առաջին քայլ, որը հնարավոր է իրականացնել ամիսների ընթացքում, դա ամենամեծ մահացություն ունեցող հիվանդությանն է վերաբերում՝ օնկոլոգիական հիվանդություններին, դրանց ապահովագրումն է։ Մեր կուսակցության տնտեսագետների հաշվարկները ցույց են տվել, որ պետությունը յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր քաղաքացու համար վճարելու դեպքում հնարավոր է քաղաքացիներին ապահովագրել այս հիվանդությունից, իհարկե, նաև պետք է տեղի ունենա կանխարգելիչ միջոցառումների արդյունավետացում։ Հաջորդ քայլը, որը մենք ապահովագրելու ենք, դա սրտանոթային հիվանդություններն են, որոնք ևս շոտ տարածված են։ Այստեղ ևս պետք է շեշտը դրվի կանխարգելելու և բուժելու վրա։ Հինգ տարվա ընթացքում, մեր հաշվարկներով, բոլոր հիվանդություններից պետք է ունենանք ապահովագրություն», - ընդգծեց Սևակ Ծատուրյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից «Ազատությանը» խորհուրդ տվեցին լսել կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որն արվել է ընտրողների հետ հանդիպումներից մեկի ընթացքում: Պատգամավորի թեկնածու Ծառուկյանը խոստանում է անվճար հիվանդանոցներ բացել մարզերում ու Երևանում: Ծառուկյանի համոզմամբ՝ պետպատվերի ծրագիրն իրեն չի արդարացնում։

«Հիմնական ծրագիրը չի արդարացնում։ Պետպատվեր տրամադրված է, ո՞վ է օգտվում կամ գնում էս խնդրողի կարգավիճակում, ոնց որ ողորմություն խնդրես, բայց դա ձեր հասանելիք գումարն է, ձեզնից պահած գումարն է։ Հարկավոր է կա՛մ ամեն մարզում մեկ հիվանդանոցը սարքել անվճար իր ժողովրդի համար, Երևանում էլ թող երկուսը սարքեն անվճար, այդ գումարների մեկ երրորդը տրամադրեն և լիարժեք մարդիկ այդ խնդիրը կլուծվի, կա՛մ այդ գումարները տրամադրեն հիմնական անապահով ընտանիքներին և գնան ոչ թե ողորմություն խնդրեն, որ իրանց նայեն, այլ լիարժեք իր գումարը իր ձեռքին, հպարտ որպես քաղաքացի գնա, ներկայացնի», - հայտարարել է Ծառուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG