Երկարատև բանավեճերից ու քննարկումներից հետո Միացյալ Նահանգները վերջապես որոշեց Թուրքիայի ռազմաօդային ուժերի կազմում ընդգրկված ութ տասնյակ F-16 մակնիշի կործանիչների արդիականացման համար անհրաժեշտ պահեստամասեր ու տեխնոլոգիաներ վաճառել Անկարային։ Անցած գիշեր այս մասին համատեղ հաղորդագրությամբ տեղեկացրեցին Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն ու Պենտագոնի կազմում գործող և միջազգային ռազմատեխնիկական համագործակցության համար պատասխանատու կառույցը՝ հայտարարելով, որ գործարքի ընդհանուր ծավալը 259 միլիոն ամերիկյան դոլար կկազմի։
Վաշինգտոնը պատրաստվում է թուրքական կողմին տրամադրել մի շարք պահեստամասեր, այսպես կոչված ապարատային մոդիֆիկացիաներ, և ինչը թերևս ամենակարևորն է, օդանավերում տեղադրված համակարգիչների ծրագրային ապահովման թարմացումներ։ Այս ամենը հնարավորություն կտա արդիականացնել թուրքական ռազմական օդուժի հիմքը հանդիսացող F-16 կործանիչները «առանց տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտման», պնդում են ամերիկացի պաշտոնյաները։
«Պետդեպարտամենտը այս հարցով հավանություն ստանալու նպատակով արդեն իսկ դիմել է Կոնգրեսին», - հաղորդում է Reuters գործակալությունը՝ հատուկ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, միայն երբ Կոնգրեսի գլխադասային հանձնաժողովների ղեկավարները իրենց ոչ պաշտոնական համաձայնությունն են տվել այս քայլին։
Եթե ամերիկացի օրենսդիրները նաև պաշտոնապես հաստատեն Պենտագոնի կայացրած այս որոշումը, դա Միացյալ Նահանգների կողմից Անկարային ռազմական նշանակության արտադրանք վաճառելու առաջին դեպքը կլինի երկարատև դադարից հետո։ Արևմտյան աղբյուրները, սակայն, հատուկ ընդգծում են, որ F-16 կործանիչների արդիականացման համար պահանջվող պահեստամասերի և ծրագրային ապահովման վաճառքը այն նվազագույնն է, ինչի ակնկալիքը ունեին Թուրքիայում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չավուշօղլուն Բլինքենի հետ քննարկել է F-16-երի հարցըԻրականում, Անկարայի մաքսիմում նպատակը թվով 40 նոր F-16 կործանիչների ձեռքբերումն էր՝ գործարք, որի ընդհանուր ծավալն, ըստ ամերիկյան կողմի, պետք է հասներ 20 միլիարդ ամերիկյան դոլարի։
Այս գործարքի կնքումը, սակայն, արգելափակվեց անցած տարվա ամռանը, այն բանից հետո, երբ կոնգրեսականները ԱՄՆ պաշտպանական բյուջեի ընդունման ժամանակ մի լրացում ընդունեցին, որով պահանջում էին, որպեսզի Սպիտակ տունը բուն օդանավերի կամ դրանց պահեստամասերի վաճառքից առաջ օրենսդիրներին հստակ ապացույցներ ներկայացնի, որ այդ քայլը չի հակասելու Միացյալ Նահանգների ազգային շահերին։
Դրան էլ գումարած կոնգրեսականները պահանջում էին, որ Սպիտակ տունը հստակ քայլերի հաջորդականություն ներկայացնի, որը թույլ կտա բացառել իրավիճակը, երբ նոր վաճառված կամ արդիականացված F-16-ները չթույլատրված թռիչքներ կիրականացնեն Հունաստանի օդային տարածքում՝ մի պրակտիկա,ո րին թուրքական օդուժը բավական հաճախ է դիմում։
Այս տարվա հունվարին արդեն՝ Կոնգրեսի այս որոշման հրապարակումից մոտ կես տարի անց, Սպիտակ տունը հայտարարեց, որ պատրաստվում է դիմել Կոնգրեսին՝ Անկարային F-16-ների վաճառքը հաստատելու, ըստ էության նաև նախկինում հաստատված արգելքը չեղարկելու խնդրանքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քալըն․ «F-16-երի մատարակարման հարցում նախապայմանների ի հայտ գալու դեպքում այլընտրանքային լուծումներ կորոնենք»Բայդենի այս որոշմանը հաջորդեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի այցը Վաշինգտոն, որտեղ թուրքական դիվանագիտության ղեկավարը բանակցությունների բաց հատվածում հարկ համարեց հատուկ անդրադառնալ F-16-ների խնդրին։
«Անկասկած, այսօր մենք անդրադառնալու ենք երկկողմ պաշտպանական համագործակցությանը վերաբերող կարևոր հարցերին։ Խոսքը մասնավորաբար F-16 կործանիչներ ձեռք բերելու մեր հայտի մասին է։ Մենք նախկինում էլ ասել ենք, որ սա կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև Միացյալ Նահանգների և ողջ ՆԱՏՕ-ի համար։ Այդ իսկ պատճառով մենք ակնկալում ենք, որ մեր պահանջը կբավարարվի՝ մեր միասնական ռազմավարական շահերին համահունչ», - հունվարի 18-ին հայտարարել էր Չավուշօղլուն։
Եվ չնայած ամերիկյան լրատվամիջոցները պնդում են, որ Թուրքիային ռազմական օդանավերի պահեստամասեր և ծրագրային ապահովում վաճառելու գործարքը նախնական հավանության է արժանացել Կոնգրեսի առանցքային հանձնաժողովների նախագահների կողմից, քիչ հավանական է, որ այս հարցի քննարկումը Կապիտոլիումում անցնի առանց բուռն բանավեճերի։
Առաջիկա սուր վեճերի առաջին նախանշանը դարձավ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի երեկ ուշ երեկոյան Twitter-ում արված գրառումը։
«Թուրքիային F-16 կործանիչների բաղադրիչներ վաճառելու Միացյալ Նահանգների որոշումը խիստ հիասթափեցնող է։ Դա արվում է չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը շարունակում է խախտել մարդու իրավունքները, ոտնահարել ժողովրդավարական նորմերն ու սպառնալիքներ հնչեցնել ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցների հասցեին», - Պետդեպարտամենտի հայտարարության հրապարակումից քիչ անց գրել է Փալոնը՝ հավելելով. - «Ես իմ գործընկերների հետ միասին շարունակելու եմ աշխատել այս սխալ որոշումն արգելափակելու ուղղությամբ»։