Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում այսօր բանակցելու են Բլինքենն ու Չավուշօղլուն


Այսօր Վաշինգտոնում հանդիպելու են ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Հանդիպման օրակարգում երկկողմ հարաբերություններից բացի, ակնկալվում է, որ առաջնային կլինեն նաև Թուրքիայի հետ կապված տարաձայնությունները, ռուս-ուկրաինական պատերազմը, Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիրը, որտեղ Թուրքիան դժվարություններ է ստեղծում։

Անցած երկուշաբթի Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ քննարկելու է նաև ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի հարցը։

«F-16-երի հարցով ռազմական բանակցություններն ավարտվել են։ Պետդեպարտամենտը ոչ պաշտոնապես ծանուցել է Կոնգրեսին։ Եթե այնտեղ առարկություններ չլինեն, գործարքը կավարտվի և պաշտոնապես կհայտարարվի այդ մասին», - ասել է Չավուշօղլուն, նշելով որ Թուրքիան ակնկալում է գործընթացի ավարտը առանց խնդիրների, չնայած նրա խոսքերով՝ սենատորներից մեկը մշտապես հանդես է գալիս դրա դեմ։

Չավուշօղլուն սենատորի անունը չի տվել, բայց ակնհայտորեն խոսքը Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Բոբ Մենենդեսի մասին է։ Անցած ուրբաթ Մենենդեսը կրկնել է իր դիրքորոշումը, հայտարարելով, որ վճռականապես դեմ է Թուրքիային F-16 նոր կործանիչներ վաճառելու Բայդենի վարչակազմի առաջարկին։

2022-ի ամռանը Ներկայացուցիչների տունը օրինագիծ ընդունեց, արգելելով կործանիչների վաճառքը Թուրքիային, քանի դեռ վարչակազմը չի ապացուցի, որ այն անհրաժեշտ է ԱՄՆ-ի անվտանգության համար։ Օրինագծում նաև կոնկրետ կետեր կային, որ վաճառքի դեպքում Թուրքիան այդ կործանիչները չի օգտագործի Հունաստանի վրայով չթույլատրված թռիչքներ կատարելու համար։

Բայց ԱՄՆ-ի ռազմական բյուջեի վերջնական տարբերակում այդ ուղղումները տեղ չեն գտել։

Թուրքիան միշտ դեմ է եղել կործանիչները որևէ պայմանով գնելու սկզբունքին:

«Մենք այդ մասին նախկինում ասել ենք։ Մենք չենք ցանկանում որևէ երկրից որևէ ապրանք գնել որևէ պայմանով կամ պարտավորություններով», - ասել էր Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը։

Իսկ անցած շաբաթ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ ու արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը դժգոհել էր, որ կործանիչների վաճառքի հարցում Վաշինգտոնի պահանջները անվերջ են: «Միշտ ինչ-որ բան կա»,- ասել է նա։

F-16-երի գործարքը ենթադրում է 40 նոր կործանիչների վաճառք ու ևս 79-ի արդիականացման համար սարքավորումների մատակարարում։

Չնայած գործարքը դեռ հաստատված չէ, Հունաստանի ընդդիմությունը խստորեն քննադատել է իշխանություններին արտաքին քաղաքականության լուրջ ձախողման համար, որ չի կարողացել կանխել F-16-երի վաճառքը Թուրքիային։

ԱՄՆ-ն Թուրքիայի հետ ավելի ընդգրկուն ռազմական համագործակցության ծրագիր ուներ։ Բայց այն բանից հետո, երբ Թրամփի նախագահության օրոք Անկարան ռուսական հակաօդային պաշտպանության C-400 համակարգեր ձեռք բերեց ու տեղադրեց Թուրքիայի տարածքում, Վաշինգտոնը չեղարկեց ավելի արդիական F-35 կործանիչների ծրագրով Թուրքիայի հետ համագործակցությունը ու F-16-երի վաճառքը։

Թուրքիայի արտգործնախարարը Միացյալ Նահանգներում է եռօրյա այցով՝ հունվարի 17-20-ը։

XS
SM
MD
LG