Հայաստանից Վրաստան Բավրայի մաքսակետով անցնող միջպետական ճանապարհը գտնվում է քարուքանդ վիճակում։ Փոսերն այնքան շատ են, որ շրջանցել չի ստացվում։
Գյումրի-Բավրա 44-կիլոմետրանոց ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի. այն պետք է լինի Հյուսիս-հարավ ճանապարհի վերջին՝ հյուսիսային մասը։ Այս ճանապարհը նաև Հայաստանից Ջավախք և Սև ծով տանող ամենակարճ ուղին է: Չնայած դրան՝ ճանապարհով արագ Վրաստան հասնել այս պահին հնարավոր չէ։
Վարորդներից մեկը, ով գրեթե ամեն օր ստիպված է մեքենան այս ճանապարհի փորձություններին ենթարկել, լսել է, որ այս տարի ճանապարհը վերանորոգելու ծրագիր կա. - «Բարդ է: Մինչև սարքեն, էլի, տեսնինք ինչ պիտի էղնի: Համարյա հա [ամեն օր գնում-գալիս է]: Ստիպված, էդ է, էս է ճամփեն, ուրիշ ճամփա չկա: Մինչև սարքեն, տեսնինք ինչ պիտի էղնի»:
Բավրայի քարուքանդ ճանապարհը հիմանորոգվելու է, ասում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։ Ըստ նրա՝ մրցույթը կայացել է, շինարարն՝ ընտրվել, մնում է՝ Կառավարությունը գումարը տրամադրի։
«Երբ ֆինանսական միջոցներ հատկացվեց, կապալառու կազմակերպության հետ կկնքվի արդեն իսկ համաձայնագիր աշխատանքներն իրականացնելու համար: Գումարը այս պահին շուրջ 2 միլիարդից ավել է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խնձրցյանը:
Պարզ չէ, թե երբ է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը հասնելու Բավրա. - «Ընդհանուր ճանապարհի երկարությունը շուրջ 66 կմ հատված է, նախագծա-նախահաշվային փաստաթղթերն առկա են, որոշակի աշխատանքներ տարվել են նաև հողատարածքների օտարման գործընթացում, բայց դեռ ճանապարհի կառուցման գործընթաց չի գնում ֆինանսական միջոցների առկայության պատճառով»:
Մինչև Բավրա հասնելը՝ նախատեսվում է հաջորդ տարի ավարտել Հյուսիս-հարավ մայրուղու Թալին-Գյումրի հատվածի ամբողջական շինարարությունը։ Այս պահին գրեթե անանցանելի է Հյուսիս-հարավը Գյումրիին կապող ճանապարհը՝ հատկապես Ազատան գյուղի հատվածում։
Ճանապարհի այս հատվածի կառուցման համար դեռ անցած տարի է մրցույթը կայացել, բայց կրկին դեռ չի լուծվել ֆինանսավորման հարցը։
«Համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացվելուց հետո նաև այդ ճանապարհահատվածներում կիրականացվեն աշխատանքներ», - նշեց Խնձրցյանը:
Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը Շիրակի նորնաշանակ մարզպետին ներկայացնելու ժամանակ հայտարարեց, որ որոշվել է Հյուսիս-հարավի շարունակությամբ դեպի Գյումրիի մուտք ևս երկկողմանի ճանապարհ կառուցվել։ Սա հավանաբար կմեկնարկի հաջորդ տարի։
«Հաշվի առնելով ճանապարհի այս պահին վիճակը և Համահայկական խաղերի անցկացման, նաև բացման արարողությունը կկայանա Գյումրի քաղաքում, ճանապարհի մի հատվածը, որը մրցութային գործընթացով, արդեն իսկ ասացի, պայմանագիր է կնքվել, կկառուցապատվի, հետագայում հաջորդ հատվածի համար կտարվեն հողերի օտարման գործընթաց, ու այդ ընթացքում նաև, հողերի օտարման այդ գործընթացի հետ համատեղ կիրականացվի նաև այդ նոր ճանապարհի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը, և այդ ճանապարհը ոչ թե միաթև՝ երթևեկության երկու գոտիներով, այլ տարբեր՝ երկթև, երթևեկության չորս գոտիներով ճանապարհահատված կունենանք», - ասաց Խաչատուր Խնձրցյանը։
Շիրակի մարզում ընդհանուր շուրջ 860 կմ երկարությամբ տարբեր նշանակության ճանապարհներ կան։ Առայժմ առաջնահերթ հիմնանորոգվում են միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհները։ Մարզային ենթակայության ճանապահների մեծ մասը դեռ իրենց հերթին են սպասում։
«Մոտ 495,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածներից շուրջ 300-320 կմ-ը դեռևս բարվոք վիճակում չեն», - նշեց մարզպետարանի վարչության պետը:
Այս տարի նաև Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածի հիմնանորոգումը կշարունակվի, Կառավարությունն այս ծրագրի համար գումարն արդեն հատկացրել է։