Վեց տարվա ընթացքում ճանապարհի 10 տոկոսն էլ չի կառուցվել, և անորոշ է՝ ի վերջո երբ կավարտվի ռազմավարական նշանակություն ունեցող այս մայրուղու շինարարությունը:
Ճանապարհի կառուցման համար գումարներ են հատկացրել Եվրասիական, Եվրոպական և Ասիական զարգացման բանկերը: Ի սկզբանե, Հայաստանի կառավարության գնահատմամբ, Մեղրին հայ-վրացական սահմանագլխին գտնվող «Բավրա» անցակետին կապող ճանապարհի կառուցումը կարժենա մոտ 1 միլիարդ դոլար: Այդ գումարի կեսը վարկի տեսքով տրամադրեց Ասիական զարգացման բանկը:
Բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող՝ ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ Սիլվա Ադամյանին մտահոգում է, որ պայմանագրի կնքումից հետո 6 տարվա ընթացքում կատարված աշխատանքն աննշան է, մինչդեռ, ըստ ծրագրի, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհը եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալի չափով պետք է արդեն կառուցված լիներ:
«Փոխանակ հանրությանը մի շքեղ լավ ճանապարհ մատուցելը, մենք էսպիսի իրավիճակ ստեղծեցինք, և ինչքան ձգվում է այդ վարկը, ինչքան որ ուրիշ բանկերից ու դոնորներից ենք փորձում գումարներ վերցնել, մենք ամբողջ էդ տոկոսները, բոլորս պետք է հասկանանք, որ ժողովուրդն է վճարելու»,- ասում է Ադամյանը:
Մասնագետների գնահատմամբ՝ առայժմ պատրաստ է շինաշխատանքների տեսանկյունից ամենահեշտ ու մատչելի հատվածը: Այսինքն՝ ապագայում պահանջվելու է ավելի շատ փող, քան ծախսվել է մինչ օրս: Ադամյանը վստահ է՝ գիտակցելով, որ եղած գումարն այլևս չի բավարարում ծրագիրն ավարտին հասցնելու համար, կառավարությունը գործի է դրել փող հայթաթելու նոր միջոցներ: Ադամյանի խոսքով, դիմել են անգամ «Էմիրություններից ինչ-որ շեյխերի»:
«Բանկի վերջին հանդիպման ժամանակ բանկի ներկայացուցիչները մեզ հավաստիացրեցին, որ իրենք տրանշ առ տրանշ են տրամադրում, էդ գումարը կա: Հարց է ծագում՝ էդ դեպքում ինչո՞ւ է մեր կառավարությունը տարբեր դոնորներից փորձում գումարներ վերցնել: Դա նշանակում է, որ գումարն իրականում չի բավարարում: Մեզ տեղյակ պահեցին, որ տեխնիկական խնդիրներ կան, որ գնաճ է եղել, և դրա պատճառով գները փոխվել են: Իրականում եղել է թե ոչ՝ ես չեմ կարող ասել, ֆիզիկապես հնարավոր չէր էդ ամեն ինչը ստուգել: Բայց բոլորիս համար պարզ է, որ էդ գումարները փաստորեն չկան»,- շարունակում է Սիլվա Ադամյանը:
Այն մասին, որ միջոցները չեն բավարարում, դեռ անցած տարի փետրվարին Ազգային ժողովում հայտնել էր այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ավտոճանապարհի կառուցումն էլ տևական ժամանակով դադարեցվել էր: Ըստ Տիգրան Սարգսյանի, ծրագրի ձգձգման պատճառը նաև «փորձի, գիտելիքների և կարողությունների պակասն» է եղել, թեպետ շինարարական աշխատանքներն ավելի քան երկու տարի ընթանում էին:
Ծրագիրը մշտադիտարկող հասարակական կազմակերպությունները, Սիլվա Ադամյանի պնդմամբ, Տիգրան Սարգսյանին հակադարձել են՝ վարկերից միշտ էլ գումար է հատկացվել՝ միջազգային փորձագետներ հրավիրելու համար:
Սկզբնապես նախատեսված է եղել, որ «Հյուսիս-Հարավ»-ի շինարարությունը կավարտվի 2016-2018 ժամանակահատվածում: Ավելի ուշ սկսեցին խոստումներ հնչել, որ այն կավարտվի 2019-ին: Մշտադիտարկում իրականացնող կազմակերպությունը, մինչդեռ, ավելի քան վստահ է՝ «այժմյան տեմպերով և ֆինանսական կորուստներով» ծրագիրը դժվար թե մինչև 2025 թ․ իրականություն դառնա:
6 տարվա ընթացքում մամուլում չեն դադարել հրապարակումները ծրագրի հետ կապված կոռուպցիոն ռիսկերի մասին: Շինարարական աշխատանքների մեկնարկից մեկ տարի անց աշխատանքից ազատվեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Հովսեփյանը: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէր ազատման պատճառը, սակայն, ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքում թերացումներ են բացահայտվել:
Մի քանի ամիս առաջ էլ հիմնական վարկատուի՝ Ասիական զարգացման բանկի պաշտոնյաները հայտարարեցին, որ Հայաստանը տուգանքներ է վճարել շինաշխատանքների մրցույթները ուշացնելու համար՝ չնշելով, սակայն, գումարի չափը:
Անցած տարի ևս չօգտագործված վարկի համար պետբյուջեից բանկին փոխանցվեց «պարտավորության վճար»՝ մոտ 300 հազար դոլարի չափով: Հայաստանի կառավարությունը վարկը ստանալուց 3 տարի հետո էր միայն սկսել շինարարությունը:
Շինարության ողջ ընթացքը մշտադիտարկող մասնագետ Ադամյանի կարծիքով՝ ծրագիրը թեպետ ռազմավարական մեծ նշանակություն ունի, այդուհանդերձ, փաստերը վկայում են՝ այն այսօր ձախողված է: