Ադրբեջանցիները գիշերը և այսօր առավոտյան կրակ են բացել Սոթքի ուղղությամբ։ Կրակոցները եղել են Սոթքի հանքավայրի հատվածում, և հանքավայրի աշխատանքը դադարեցվել է։ Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց GeoProMining Gold ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Կրակոցները հնչել են երեկոյան 19։00-23։00 ժամանակահատվածում, որի հետևանքով հանքի աշխատանքը ժամանակկավորապես դադարեցվել է։ Գիշերը իրավիճակը հանգիստ է եղել, տարհանում չի եղել։ Առավոտյան կրակողցները վերսկսվեցին, ընկերությունը որոշեց դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին։ Այս պահին չի աշխատում հանքը։ Ժամ առ ժամ իրավիճակը փոխվում է»,-մանրամասնեց Ռուզաննա Գրիգորյանը։
Ըստ Սոթքի հանքավայրի ներկայացուցչի՝ վիրավորներ չկան։
Սոթքի հանքավայրի տարածքում կրակոցների մասին տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց նաև բնակիչներից մեկը։
Պաշտպանության նախարարությունը հստակ տեղեկություն չի հայտնում կրակոցների մասին։ Ի պատասխան հարցի՝ կրակե՞լ են ադրբեջանցիները, ՊՆ մամուլի խոսնակը փոխանցեց հետևյալը. - «Հակառակորդի կողմից հրադադարի ինտենսիվ խախտումների դեպքում ՊՆ-ն հաղորդագրություն է տարածում, վիրավորների մասին ևս»։
Ճշտող հարցին՝ «Սոթքի հանքավայրի աշխատանքը քանի որ դադարեցվել է, առհասարակ կրակոց հնչե՞լ է՝ մեկ կրակոց, ոչ ինտենսիվ կրակոց», ՊՆ խոսնակի արձագանքը նույնն էր. - «Ես արդեն մեկնաբանել եմ, ինտենսիվ խախտման մասին մենք հաղորդագրություն տարածում ենք»։
Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը խուսափեց պատասխանել կրակոցների մասին հարցին՝ խորհուրդ տալով դիմել Պաշտպանության նախարարություն։
Մանրամասները տե՛ս այստեղ