Մատչելիության հղումներ

Սոթքի բնակիչների խոսքով՝ ոսկու հանքի աշխատողները տարհանվել են


Արխիվ
Արխիվ

Պաշտպանության նախարարությունը հերքում է Վարդենիսի ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) գնդակոծության մասին լուրերը` հայտարարելով, որ ժամը 19։00-ի դրությամբ այնտեղ «իրավիճակը հարաբերականորեն կայուն է»։

Նախքան ռազմական գերատեսչության այս պարզաբանումը Գեղարքունիքի մարզի Սոթքի բնակիչները «Ազատության» փոխանցել էին, որ սահմանին գտնվող Սոթքի ոսկու հանքի աշխատողները տարհանվել են։ Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում անանուն մնալու պայմանով հաստատել էր նաև հանքի աշխատակիցներից մեկը՝ ընդգծելով, որ իրենց տարհանել են ադրբեջանական կրակոցների պատճառով։

Սոթքի բնակիչ Էդգար Գևորգյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ անձամբ ինքը կրակոցի ձայն չի լսել, բայց ծուխ է տեսնում հանքից։

«Հենա սարերին ծուխ, մուխ ա, երևում ա, որ խփել են։ Հենց հիմա ծուխ ա բարձրանում։ Որ չխփեին, էդ ծուխը որտեղի՞ց պիտի բարձրանար։ Որ իմացա՝ իրավիճակն ինչ ա, ասի՝ ավելի լավ ա իջնեմ, մեքենաս կարգի հրավիրեմ, լիցքավորեմ, որ մի բան լինի...բայց դե երևում ա էլի, որ լավ չի։ Գյուղում լարված վիճակ է, քանի որ սաղ գյուղի վերևն ա»,- ասել էր Սոթքի բնակիչը։

Պաշտպանության նախարարությունը նաև հերքել էր ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր։ «ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան», - նշված է հաղորդագրությունում։

Սյունիքի մարզի Տեղ համայնքի գյուղի բնակիչներն ավելի վաղ «Ազատությանը» հայտնել էին, որ հրաձգություն է տեղի ունեցել, կրակել են շուրջ երկու շաբաթ առաջ գյուղի դաշտերում դիրքավորված ադրբեջանցիները։

Պաշտպանության նախարարությանը հաղորդել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական Զինված ուժերի զինծառայողների ուղղությամբ, նախնական տեղեկություններով՝ կան զոհեր և տուժածներ։

XS
SM
MD
LG