Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Երևանում Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության ժամանակ ադրբեջանական դրոշն այրելու փաստով։ Գործը հարուցվել է ազգային ատելություն և թշնամանք հրահրելու և Ադրբեջանի պետական դրոշն անարգելու հոդվածներով։
Գլխավոր դատախազությունից APA գործակալությանն ասել են, որ այդ արարքը կատարած Արամ Նիկոլյանին ազգային և միջազգային դատական պատասխանատվության ենթարկելու համար դիմումներ են ուղարկվելու արտասահմանյան երկրներին և համապատասխան մարմիներին ու միջազգային կազմակերպություններին։
Բաքուն միջազգային հանրությանը կոչ է արել խստորեն դատապարտել Հայաստանին, այդ թվում՝ որ Հայաստանն ապահովի միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի իր պարտավորությունների կատարումը։
Երեկ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ մի տղամարդ այրեց Ադրբեջանի դրոշը, ինչը պաշտոնական Բաքուն դատապարտեց և որոշեց հետ կանչել իր մարզիկներին:
Երևանը մտահոգիչ է համարում Բաքվի որոշումը՝ մարզական էթիկայի տեսանկյունից, ընդգծելով, որ երեկվա միջադեպն առնչություն չունի մարզիկների անվտանգության հետ, և այն լիարժեք ապահովված էր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծանրամարտի ԵԱ բացման ժամանակ մի տղամարդ այրեց Ադրբեջանի դրոշը. ադրբեջանցի մարզիկները լքեցին առաջնությունը