Քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով անցնող «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը կմնա կալանքի տակ։
Դատական իշխանության տելեգրամյան ալիքից այսօր տեղեկանում ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Շահումյանի խափանման միջոց կալանավորման դեմ ներկայացված բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Մեկ ամիս առաջ կալանավորված Շահումյանը մեղադրվում է պետբյուջեից շուրջ 120 միլիոն դրամ հափշտակելու մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեդլայնի» տնօրենը կալանավորվել է, Թոքաբանության կենտրոնի բաժանմունքի վարիչը տնային կալանքի տակ էԸստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Մեդլայնի» տնօրենի կազմակերպմամբ, կեղծվել են պացիենտների բժշկական պատմագրերը, և ստացիոնարում բուժված 385 պացիենտ ներկայացվել է որպես ռեանիմացիայի հիվանդ։ Ենթադրվում է, որ հիվանդանոցն այդպես ավելի շատ գումար է ստացել պետությունից։
Այս գործի շրջանակներում արդեն մեկ ամիս է ինչ կալանքի տակ է նաև առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի գործող փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։
Ըստ իրավապահների՝ Սիմոնյանը քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայնի» տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով տնօրեն Բաբկեն Շահումյանը պետական միջոցներից հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
Սիմոնյանն ու Շահումյանը չեն ընդունում առաջադրված մեղադրանքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեդլայն կլինիկ»-ից պնդում են՝ համավարակի շրջանում բուժկենտրոնը նույնիսկ իր ֆոնդից է հաճախ գումար ծախսել