44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները շարունակում են իրենց բողոքի ակցիան՝ Քննչական կոմիտեի շենքի առաջ՝ փակ պահելով Մամիկոնյանց փողոցի մի հատվածը։ Նրանք գիշերել են տարածքում։
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը «Ազատությանն» ասաց, որ գիշերվա ընթացքում որևէ միջադեպ տեղի չի ունեցել։
Հարազատները դեռ սպասում են, որ գերատեսչությունից որևէ պաշտոնյա իրենց մոտենա, պարզաբանում տա նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանության ծառայողներին պատասխանատվության չենթարկելու վերաբերյալ։
2022-ի սեպտեմբերի 21-ին 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին կարմիր բերետավորները վաղ առավոտյան բերման ենթարկեցին «Եռաբլուր»-ից։ Թևերը ոլորելով, ձեռքերից ու ոտքերից քաշքշելով՝ տանում էին և ուժով խցկում ոստիկանական մեքենաներ։ Կարմիր բերետավորները ճանապարհ էին բացում վարչապետ Փաշինյանի ու նրա թիմակիցների համար։ Հարազատները փակել էին ճանապարհը, որ Փաշինյանը չհասներ իրենց որդիների գերեզմաններին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վայրի ցեղերի նման հարձակվեցին մեզ վրա, քաշքշում ու խփում էին մեզ». զոհվածի մայրԾնողներն ամիսներ առաջ կրկին Քննչական կոմիտե էին գնացել իրենց բռնության ենթարկած ոստիկանների նկարներով, այդ ժամանակ իրավապահները հայտարարեցին՝ մեղադրյալ չկա, քննությունն էլ շարունակվում է, գործով տուժող է ճանաչվել 19 ծնող։ Իսկ Ոստիկանությունը դատի է տվել հենց ծնողներին «իրենց օրինական պահանջը չկատարելու համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանությունը դատարան է դիմել, որ զոհված զինծառայողների ծնողներին տուգանելու որոշում կայացվիԵռաբլուրի միջադեպից հետո իրավապաշտպանները դատապարտեցին ոստիկանությանը՝ բռնություն որակելով կատարվածը և պահանջեցին ոստիկանապետի հրաժարականը։ Ամիսներ անց, սակայն, Փաշինյանը Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակեց։