Կապանում այսօր հայտնաբերվել և ձերբակալվել է երկրորդ ադրբեջանցին։ Առայժմ սակայն հայտնի չէ, նա ապրիլի 10-ի գիշերը Սիսիանի Բնունիս համայնք ներթափանցած ադրբեջանցիներից մեկն է, թե ոչ։
Աղվանի գյուղի բնակիչ, անտառապահ Արա Սուքիասյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց, թե ինչպես է այսօր կնոջ հետ միասին հայտնաբերել ադրբեջանցի զինծառայողին։ Կեսօրին մոտ Կապանի Աճանան գյուղի մոտակայքում մեքենայով անցնելիս տեսել է ճանապարհով քայլող ադրբեջանցուն, կասկածել է, հետ է եկել, իր մոտ եղած լուսանկարով համեմատել ու հասկացել է, որ գտել է ադրբեջանցուն. - «Հետ դառա, մեկ էլ տեսնամ տղեքը ընդեղ են։ Ասի՝ սրա հետևից եմ ես եկել։ Ինքը ասում էր՝ պարսիկ եմ ես։ Ասում եմ՝ այ տղա, ինչ պարսիկ, դու աչքիս ինքն ես, ես նկարդ ունեմ։ Նկարը հանեցի, իրան ցույց տվի՝ ես դու չե՞ս, արա։ Բա՝ հա, ես եմ... Ուզում էր փախներ, բռնեցինք...Իրա մոտ գտել ենք փամփուշտ, մեկ էլ մի հատ ատվյորկա, բլոկնոտ։ Զենք չի էղել, փամփուշտ ա էղել։ Հեռախոսը ես չեմ տեսել, հեռախոսը Ղափան են հանել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայտնաբերված ադրբեջանցու մոտից գտել են սպանված կապանցու հեռախոսը. Քաջարանի համայնքապետՍուքիասյանն ասում է, թե ադրբեջանցին ոչինչ չէր խոսում, միայն «դադա վայ» էր ասում, հոգնած տեսք ուներ։ Ադրբեջանցուն հայտնաբերած անտառապահը այլ մանրամասներ չգիտեր, տեղյակ չէր, թե արդյոք ճիշտ են տեղեկությունները, թե հայտնաբերված ադրբեջանցին կապ ունի երեկ երեկոյան Կապանի Շղարշիկ բնակավայրում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության հետ։ 56-ամյա տղամարդուն հայտնաբերել էին պահակակետում՝ հրազենային վնասավածքներով։
Այսօր ողջ օրվա ընթացքում ակտիվորեն շրջանառվող լուրերը, թե ձերբակալված ադրբեջանցու մոտ հեռախոս են հայտնաբել, որը ենթադրաբար կարող էր պատկանել սպանված տղամադրուն, իրավապահ մարմինները դեռ չեն հաստատել։
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Կապանի սպանված բնակիչը հրազենային վնասավածքներ է ունեցել։ Դեռ չգիտեն սպանությունը կոնկրետ երբ է տեղի ունեցել, բայց նրա մարմինը հայտնաբերել են երեկոյան։ - «Մեկը՝ գլխին, վեցը՝ մարմնին։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, կրակել են ավտոմատից»։
Քաջարանի քաղաքապետը չբացառեց, որ տղամարդու սպանությունը կարող է կապ ունենալ օրեր առաջ Սիսիան ներթափանացած ադրբեջանցիների հետ. - «Ոչինչ չենք կարող բացառել։ Որովհետև Սիսիանն ու Քաջարանը մի սար ա բաժանում»։
Մանվել Փարամազյանը նշեց, որ, ըստ իր ունեցած տեղեկությունների, այսօր ձերբակալված ադրբեջանցու մոտ հեռախոս է հայտնաբերվել. - «Ես գիտեմ, որ դրա մոտից հանել են հեռախոսը... Էդ մարդու հեռախոսը ի՞նչ կապ ունի թուրքի մոտ»։
Հարցին, թե կարող է արդյոք հաստատել, որ հենց ադրբեջանցին է սպանել կապանցուն, Փարամազյանն արձագանքեց. - «Դա արդեն ես չեմ կարող ասել։ Դա արդեն քննչական մարմինները կարող են հստակ հարցին պատասխանել»։
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահմամյանը, սակայն, պնդում է, որ այս պահին հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել։
56-ամյա տղամարդու սպանության գործով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելու, պահելու կամ կրելու հատկանիշներով։
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ենթադրաբար այսօր ձերբակալված ադրբեջանցին ուղիղ եթեր է մտել, խոսել հայերի սպանությունների մասին ու պնդել, թե ինքը դավաճան չէ, այլ մեկը, որը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի: Տեսանյութը հետո ջնջվել է, սակայն, դրա ամենասկզբում երևում է ինստագրամի օգտահաշիվը, որից ենթադրաբար այն եթեր է հեռարձակվել: Այն վարում է axun անունով օգտատերը։ Ի դեպ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մոլորվածներից մեկը Հուսեյն Ախունդովն է:
Ինստագրամյան այս էջում առաջին հրապարակումն արվել է անցած տավա նոյեմբերին, վերջինը`մարտի 31֊ին, որտեղ երևում է Ադրբեջանի դրոշն ու քայլող մի զինվորական: Բացի այդ, օգտատերը ներկայացել է որպես Yeraz. Այսպես իրենց կոչում են այն ադրբեջանցիները, որոնք գաղթել են Հայաստանից, տերմինն այդպես էլ բացատրվում է` Երևանի ադրբեջանցի`երազ։
Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցիներին առաջին անգամ նկատել էին Սիսիան համայնքի բնակիչները ապրիլի 10-ին։
Նրանց նախ տեսել էին Սիսիանի Բնունիս գյուղում, երբ նրանք թակել էին բնակիչներից մեկի դուռը։ Հետո արդեն նրանցից մեկին բռնել էին Բնունիսից շուրջ 4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Աշոտավան գյուղի փողոցում։
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Կապանում այսօր ձերբակալված 2-րդ ադրբեջանցին ապրիլի 10-ի գիշերը Սիսիանի Բնունիս համայնք ներթափանցած ադրբեջանցիներից մեկն է, թե այլ զինծառայող է։