Սահմանային ճշգրտման հետևանքով է տեղի ունեցել Տեղի բախումը. պաշտպանության նախարար

Սահմանային ճշգրտման հետևանքով է տեղի ունեցել Սյունիքի Տեղ գյուղի երեկվա արյունալի միջադեպը, այսօր խորհրդարանում կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարարը։ Սուրեն Պապիկյանն ասաց, թե դա սկզբում հրմշտոցի, բախման, հետո էլ մարդկային կորուստների պատճառ է դարձել։

Ըստ ռազմական գերատեսչության ղեկավարի՝ Տեղում ադրբեջանցիների հայտնվելուց հետո կողմերը հաճախ են բանակցել, ճշգրտումներ արել, մեկ օրվա ընթացքում անգամ տասնյակ նման հանդիպումներ են եղել։

«Սրա բերումով է, որ ունեցանք հայտարարություններ, որ սահմանագծի ինչ-որ հատվածներ այլևս ճշտված են, և խնդիրներ չկան։ Նմանատիպ մի ճշգրտման բերումով էլ տեղի է ունեցել հայտնի միջադեպը, որը բերել է հրմշտոցի, բախման և, ցավոք, անցանկալի հետևանքների», - ասաց նախարարը։

Երկեվա միջադեպը կանխատեսելի էր, հայտարարեց վարչապետը, սակայն իր գնահատմամբ՝ նման բան պետք է տեղի չունենար։ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մինչ այդ խորհրդակցություններ է հրավիրել, հանձնարարականներ տվել, դրանց կատարումը, ըստ նրա, ձախողվել է։

«Հենց որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ, դա, կարծում եմ, այդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա, բայց մենք չէնք էլ կարող հույս ունենալ հակառակի, և այդ սցենարը նույնպես կանխատեսվել է, և այդ սցենարի շրջանակներում նույնպես կոնկրետ անձանց տրվել են կոնկրետ հանձնարարություններ, և այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է, և իհարկե, դրան պետք է հետևեն և վարչական որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ, բայց նաև պետք է ավելի խորը քննենք և հասկանանք՝ ինչն է այդպես դասավորվել, և ինչու է այդպես դասավորվել», - նշեց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղում խաղաղությանը չեն հավատում, ինքնապաշտպանությունից են խոսում. իրավիճակն այսօր

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ որ վարչապետի առաջարկությամբ պաշտոնից ազատվել է Սահմանապահ զորքերի հրամանատար Արամ Մարալչյանը։ Արդյոք նրա պաշտոնանկությունը կապված է երեկվա միջադեպի հետ, թե ոչ՝ դեռ պաշտոնապես չի հստակեցվել։

Եվրոպացի դիտորդները կրակոցների ժամանակ Տեղում չեն եղել, կրակոցները չեն արձանագրել. Միրզոյան

Խորհրդարանում արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր պարզաբանեց՝ երեկվա բախումը Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդները չեն արձանագրել, եվրոպացիները կրակոցների ժամանակ Տեղում չեն եղել։

«Երեկ տեղի ունեցած սադրանքի և ադրբեջանական կողմից տարբեր զինատեսակներով հայկական զինված ուժերի զինծառայողների և դիրքերի ուղղությամբ արձակված կրակի վերաբերյալ տեղեկացվել է Եվրոպական միության միջնորդական առաքելությանը, այսօր արդեն ԵՄ մամուլի ծառայությունը հաստատել է, որ հայկական կողմը իրենց տեղեկացրել է ագրեսիվ գործողությունների՝ ընթացող փոխհրաձգության վերաբերյալ», - հայտնեց նախարարը։

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգության հարցերը պետք է կարգավորվեն Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ. ԱԳ նախարար

Իշխանական պատգամավորները արտգործնախարարից նաև խաղաղության պայմանագրից հետաքրքրվեցին, թե արդյոք հայկական կողմը տարանջատում է Լեռնային Ղարաբաղի հարցն այդ գործընթացից։ Միրզոյանը չմանրամասնեց, թե ինչ փուլում են բանակցությունները, սակայն վերահաստատեց Երևանի դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգության հարցերը պետք է կարգավորվեն Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ, երաշխավորվեն միջազգային մեխանիզմներով։

«Ընդհանուր վերջնական կարգավորումը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատումն առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման մենք իրատեսական չենք համարում», - ասաց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախը հանդիպելու առաջարկ է արել Բաքվին՝ քննարկելու «հումանիտար հարցերը»

Միրզոյանը նաև հաստատեց, որ առաջիկայում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարարի հետ, սակայն չհստակեցրեց՝ երբ, ինչ ձևաչափով։ Միրզոյանն ու Բայրամովն անցած տարեվերջին Մոսկվայում պետք է հանդիպեին, սակայն դա հետաձգվեց Լաչինի միջանցքի արգելափակումից հետո։

Արարատ Միրզոյանը շեշտեց՝ անգամ այս իրավիճակում, ըստ էության, հայ-ադրբեջանական բանակցությունները չեն դադարել. - «Նույնիսկ հանդիպման հետաձգման պարագայում կամ պայմաններում, ըստ էության, բանակցային գործընթացը երբեք չի ընդհատվել։ Սա չափազանց կարևոր է արձանագրել։ Այդ հանդիպման հետաձգումից հետո մենք արդեն մի քանի անգամ փոխանակել ենք խաղաղության պայմանագրի առաջարկների կամ տեքստի, կամ նախագծի շուրջ մեր և իրենք իրենց խմբագրական առաջարկները, մենք ունեցել ենք ուղիղ կամ միջնորդավորված քննարկումներ, այդ թվում՝ այդ փաստաթղթով կամ գրավոր կերպով»։

Հարցուպատասխանի մեկնարկին վարչապետն անդրադարձավ պարբերաբար հնչող մեղադրանքին, թե Հայաստանի իշխանությունները, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվում են Լեռնային Ղարաբաղից։ Փաշինյանը չհերքեց, պնդեց՝ դա դեռ նախկին իշխանություններն են արել՝ կարգավորման գործընթացում գնալով, իր ձևակերպմամբ կոնցեպտուալ փոփոխության։

«Որովհետև եթե «Մադրիդյան սկզբունքներից» առաջ հայկական կողմերի դիրքորոշումն այն էր, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում երբեք չի եղել և հիմա էլ չի, հետևաբար ապագա կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք կարող է և չլինել, որովհետև Լեռնային Ղարաբաղն արդեն ինքնորոշվել է, «Մադրիդյան սկզբունքներով» արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետ», - նշեց նա։

Իշխանական Անդրանիկ Քոչարյանն էլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն էր վարչապետին հիմք տվել շաբաթներ առաջ պնդել, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հինգերորդ շարասյուն է գործել, հակառակ դեպքում հայկական կողմը կհաղթեր։ Փաշինյանը հեռուստատեսությամբ տեսած քրեական գործի մասին պատմեց, երբ մի բարձրաստիճան զինվորական հրահանգել է հանձնել բարձունքը։ Ասաց՝ լսել է նաև, որ ոմանք բանակում խուճապ են տարածել և նամանատիպ այլ գործողություններ կատարել։ Անուններ չտվեց, բայց ասաց՝ պետք է նման պատմությունների պատրաստ լինել։