Քաղաքապետի արտահերթ ընտրության հարցով նիստը չկայացավ, Երևանը կշարունակի ղեկավարել փոխքաղաքապետը

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստը չկայացավ՝ քվորում չկար։ Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունն, ինչպես նախօրոք հայտարարել էր, այդպես էլ չներկայացավ նիստին։

Արտահերթի այսօրվա օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն էր․ ավագանու խմբակցությունները պետք է իրենց թեկնածուներին առաջադրեին։ Օրենքը պարտադրում է, որ այդ թեկնածուն ավագանու անդամ լինի։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը դեռ անցած շաբաթ հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս է մնացել, հետևաբար նաև ընտրության օրվա նիստին չեն ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի, քննարկելու և ընտրելու անհրաժեշտություն էլ չի լինի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արտահերթ ընտրություննե՞ր Երևանում, թե՞ ոչ. իշխանությունն ու քաղհասարակությունը օրենքը տարակերպ են մեկնաբանում

44-օրյա պատերազմից հետո ավագանու իշխող թիմը լքած, այժմ ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանն անընդունելի էր համարել իշխող խմբակցության կողմից նիստը բոյկոտելը՝ ընդգծելով՝ գուցե մյուս երկու խմբակցություննե՞րն են որոշում թեկնածու առաջադրել։ Աբգարյանը հիշեցրել էր՝ իշխող թիմի քաղաքապետի թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, ով ավագանու անդամ չէ։

Գալաջյանն էլ պատասխանել էր՝ այո՛, իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանն է, քաղաքապետի առաջին տեղակալն էլ քաղաքապետի բոլոր լիազորություններն իրականացնում է և նոր քաղաքապետ ընտրելու կարիք չկա։

Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները ստանձնել է նրա առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Լևոն Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնակատար մնալ, մինչև աշնանը կայանալիք հերթական ընտրությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ ՏԻՄ օրենքը, Ընտրական օրենսգիրքն ու Երևանի մասին օրենքն իրարամերժ կարգավորումներ ունեն