«Ապօրինի անգործություն», - Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ միջադեպից հետո քրեական վարույթ չնախաձեռնելն այսպես է բնորոշում «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Հենց նրա ղեկավարած կազմակերպությունն է ապրիլի 3-ին գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել՝ ակնկալելով, որ խուլիգանության հոդվածով վարույթ կսկսվի քաղաքացու դեմքին ենթադրաբար թքելու, և պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման հոդվածով՝ դաշնակցականին առևերևույթ ապօրինի բերման ենթարկելու համար։
Դաշնակցական Կարեն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում պնդել էր՝ Ազգային ժողովի նախագահին «դավաճան» անվանելու համար նրա թիկնապահները սկզբում իր ձեռքերն են բռնել, ապա Ալեն Սիմոնյանը մոտեցել ու թքել է դեմքին։ Սիմոնյանը հերքել է միայն այն, որ թիկնապահները նրա ձեռքերը բռնել են:
Համացանցում տարածված կադրերի համաձայն, դեպքից հետո ոստիկանները Կարեն Մկրտչյանին նստեցնում են մեքենան:
Գլխավոր դատախազությունից փոխանցեցին՝ դիմումն ապրիլի 4-ին է մուտք արվել համակարգ, այն այժմ քննարկման փուլում է։ Սեփական նախաձեռնությամբ իրավապահները քննություն չսկսեցին։
Իոաննիսյանի խոսքով՝ իրենց դիմումից հետո էլ 6 օր քրեական վարույթ չնախաձեռնելը հիմք է տալիս ենթադրելու, որ բարձրաստիճան իշխանավորներին դատախազությունը փորձում է պաշտպանել։
«Նախկինում դիմումը պետք է քննարկվեր, պարզվեր դրանում հանցագործության մասին առերևույթ փաստերի առկայության կամ բացակայության հանգամանքը, բայց այժմ գործող քրեական դատավարության օրենքը փոխվել է և քրեական վարույթ նախաձեռնվում է ինքնին դիմումի հիման վրա: Ըստ էության այն, որ մենք երկուշաբթի երեկոյան դիմումն ուղարկել ենք ու արդեն համարյա 7 օր անցել է և առ այսօր քրեական վարույթ չի նախաձեռնվել, սա դատախազության կողմից ապօրինի անգործություն է, պայմանավորված է այդ թվում այն հանգամանքով, որ դիմումը վերաբերում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և պետական պահպանության ծառայության և ոստիկանության ծառայողներին», - ասաց Իոաննիսյանը:
Միջադեպից 4 օր անց միայն Ազգային ժողովի նախագահը ներողություն խնդրեց Հայաստանի քաղաքացիներից։
Իշխանական խմբակցության պատգամավորները պնդում են՝ նրա պաշտոնանկության թեման չի քննարկվել, Ալեն Սիմոնյանն էլ ինքնակամ հրաժարական տալ, ըստ խոսնակի, չի պատրաստվում։ Իշխանականները անարձագանք թողեցին նաև՝ խորհրդարանի խոսնակի վարքն էթիկայի հանձնաժողովում քննելու՝ ՀԿ-ների պահանջը։
Սիմոնյանի կուսակից Հակոբ Ասլանյանը հորդորում է շատ չխորանալ՝ խոսնակը արդյոք անընդունելի քայլ է արել՝ ենթադրաբար թքել է մարդու դեմքին։
«Անընդունելին այն է, որ ամեն մեկը, չլինելով երկրի քաղաքացի, գալիս են հայրենիք ու չգիտես ինչու ոչ մի պատասխանատվություն չկրելով ուզում են ամեն ինչի մեջ քթները խոթել: Եկեք շատ չխորանանք, մեզնից յուրաքանչյուրը, ո՞վ կարող է ասել, թե այդպիսի պարագայում ինքը ինչ կանի», - նշեց Ասլանյանը:
«Քաղաքացիական պայմանագրի» մեկ այլ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է՝ Սիմոնյանի արձագանքն ադեկվատ էր։
«Ես չգիտեմ ինքը թքել է, թե ուրիշ բան է արել, ճանաչելով իրեն, վստահ եմ, որ իր քայլը եղած կլինի ադեկվատ», - ասաց Աղազարյանը:
Հարցին՝ «եթե չի թքել, ինչի՞ համար էր ներողություն խնդրում», իշխանական պատգամավորը պատասխանեց. - «Միջադեպի համար, ոչ ինքնախոստովանում էր, ոչ էլ իր արարքի համար մեղանչում, այդ տգեղ երևույթի համար, որին ինքը ակամա դարձել է մասնակից ներողություն խնդրեց քաղաքացիներից, ընդամենը այդքան բան, որ իրեն դավաճան են ասել, ինքն էլ արձագանքել է»:
Աղազարյանն ասում էր՝ իրավական գիտելիքներն այնքան չեն, որ գնահատական տա՝ իրավապահները պետք է զբաղվեն տեղի ունեցածով, թե՝ ոչ։ Եզրակացությունները դատախազությանն է թողնում։
Իսկ ահա դաշնակցական Կարեն Մկրտչյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը զուգահեռներ է անցկացնում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ վերջին միջադեպերի միջև։ Ժամերի ընթացքում քրեական գործ հարուցվեց, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորն էլ ձերբակալվեց, իսկ երբ նրա տեղեկությամբ ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցների ահազանգով իր վստահորդին են բերման ենթարկել ոստիկանություն, շատ լավ իմանալով՝ ինչ է կատարվել, անգամ բացատրություն չեն վերցրել, միայն անձի նույնականացում են արել։
«Խտրական արդարադատություն է իրականացվում, բոլոր իշխանականները պաշտպանված են, բոլոր ընդդիմադիր խոցելի են», - ասաց Հարությունյանը:
Կարեն Մկրտչյանն ինքն էլ հանցագործության մասին հաղորդում չի տվել, նրա փաստաբանն ասում էր՝ չէր հավատում, որ արդարադատություն կլինի: Սիմոնյանը ևս չի դիմել իրավապահներին, թեև զգուշացրել էր՝ Հայաստանի իշխանությանը վիրավորելն անընդունելի է, խուլիգանությունն անարձագանք չի կարող թողնել։