Մատչելիության հղումներ

Առաջին նախագահը պնդում է՝ ԱԺ խոսնակը պետք է պաշտոնանկ արվի


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է՝ Ազգային ժողովը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկությունը:

«Ես ամենևին չեմ չափազանցում, նրա արարքը մեր պետականության վարկին հասցված ամենամեծ վնասն է, ինչը հնարավոր է վերացնել միայն վերջինիս պաշտոնազրկման գնով։ Սա է միջազգային հանրության առջև մեր ժողովրդի պատիվը վերականգնելու միակ ելքը», - գրում է առաջին նախագահը ilur.am-ում հրապարակած հոդվածում:

«Որքան էլ փորձեցի ինձ զսպել, այնուամենայնիվ չկարողացա չանդրադառնալ երկու օր առաջ տեղի ունեցած զազրելի միջադեպին։ Մի երիտասարդ փողոցում տեսնելով թիկնապահներով շրջապատված ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, նրան բարձրաձայն անվանել է «դավաճան»։ Սիմոնյանը, հանգիստ ճեղքելով թիկնապահների շղթան, «հուշիկ քայլերով» մոտեցել է երիտասարդին ու լիաբերան թքել նրա երեսին, ինչն, ի դեպ, նա հպարտությամբ հաստատել է դեպքից հետո տված իր պարզաբանումներում», - մանրամասնում է Տեր-Պետրոսյանը:

«Թքել բառը (բացառությամբ բժշկության բնագավառի) ինքնին գռեհկաբանություն է և միանգամայն արգահատելի, երբ այն օգտագործվում է անգամ կենցաղային վեճերի պարագայում։ Բայց երբ այն հնչում է պետական բարձրագույն պաշտոնյաներից մեկի շուրթերից, առավելևս երբ նրա կողմից վերածվում է կոնկրետ գործողության, ապա դա արդեն պետության վերջն է։

Ինչ վերաբերում է դավաճան բառին, ապա այն ոչ թե կենցաղային հայհոյանք կամ անձնական վիրավորանք է, այլ զուտ քաղաքական գնահատական, որին պետք է հակադարձվի ոչ թե գռեհիկ խոսքը կամ թուքը, այլ կոռեկտ և հիմնավոր պատասխանը, մանավանդ որ իշխանությունները տիրապետում են տեղեկատվության և պրոպագանդայի անսահմանափակ միջոցների:

Աշխարհում չի եղել քիչ թե շատ դեմոկրատական որևէ պետության ղեկավար, որին իր քաղաքական հակառակորդները դավաճանի պիտակը չեն փակցրել», - ընդգծում է առաջին նախագահը՝ բերելով, մասնավորապես, ԱՄՆ-ի ականավոր նախագահներ Ռուզվելտի, Տրումենի և Քլիթոնի օրինակները. - «Նրանցից ոչ ոք իրեն դավաճան պիտակավորողների երեսին չի թքել, այլ անձամբ կամ իրենց համախոհների կողմից հիմնավոր փաստարկումներով հակադարձել են բոլոր նման մեղադրանքներին»։

Տեր-Պետրոսյանն «աններելի» է որակում «Հայաստանի առաջնային մանդատով օժտված միակ ատյանի ղեկավար տխրահռչակ Ալեն Սիմոնյանի» արարքը և պնդում՝ դա սոսկ բառ չէ, այլ «դրա տակ ենթադրվում է, որ Ազգային ժողովը, և, առաջին հերթին, վերջինիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը»:

Առաջին նախագահը կոչ է անում «ողջ հասարակությանը, քաղաքական ուժերին՝ միանալ այս նախաձեռնությանը, ընդ որում ոչ ամենևին զանգվածային միջոցառումների, ցույցերի, երթերի, այլ զուտ իրավական միջոցներով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG