Պեսկով. «Ֆրանսիան չի կարող հանդես գալ իբրև անաչառ միջնորդ ռուս-ուկրաինական կոնֆլիկտում»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, Ֆրանսիան չի կարող հանդես գալ իբրև անաչառ միջնորդ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման խնդրում:

Այդպես նա արձագանքել է Պեկինում Չինաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սի Ծինպինի և Էմանյուել Մակրոնի վերջերս տեղի ունեցած հանդիպման ընթացքում ռուս-ուկրաինական պատերազմի թեման արծարծելու փաստին:

«Փարիզն այս կոնֆլիկտում գործնականում կողմերից մեկին է պաշտպանում: Ավելին, ուղղակի և անուղղակի ներգրավված է Ուկրաինայի կողմից: Հետևաբար, դժվար է պատկերացնել Ֆրանսիան միջնորդի դերում», - ասել է Պեսկովը:

Էմանյուել Մակրոնը Պեկինում Սի Ծինպինին կոչ է արել օգտագործել Չինաստանի ազդեցությունը Ռուսաստանի վրա և Ուկրաինայի հարցում «սթափեցնել ռուսներին»: