Իրանի պատվիրակները կմեկնեն Սաուդյան Արաբիա` քննարկելու դեսպանատան աշխատանքի վերսկսումը

Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Նասեր Քանանի, Թեհրան, արխիվ

Իրանի պատվիրակությունը կմեկնի Սաուդյան Արաբիա, որտեղ քննարկելու է դիվանագիտական առաքելությունը վերսկսելու հարցը: Այդ մասին այսօր հայտնել է Իրանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Նասեր Քանանին:

«Առաջիկա օրերին մեր դիվանագետների խումբը կմեկնի Սաուդյան Արաբիա, որտեղ նախատեսվում են դեսպանատան և հյուպատոսարանի աշխատանքները վերսկսելու հարցով բանակցություններ», - ասել է Քանանին:

Մարտի 10-ին Թեհրանը և Էր-Ռիյադը պայմանավորվել են երկու ամսում վերականգնել դիվանագիտական կապերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաուդյան Արաբիան և Իրանը բարելավում են հարաբերությունները

Դրանից հետո ապրիլի 6-ին Պեկինում Չինաստանի ԱԳՆ-ի միջնորդությամբ տեղի է ունեցել Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և Ֆայսալ բին Ֆարխանի հանդիպումը:

Պեկինյան հանդիպումից հետո կողմերը հաղորդել են, որ ձեռք է բերվել Թեհրանում և Էր-Ռիյադում դեսպանատների և Մաշհադում ու Ջիդդայում հյուպատոսարանների աշխատանքները վերականգնելու համաձայնություն: Բացի այդ, երկու երկրները որոշել են վերականգնել օդային հաղորդակցությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ութնամյա ընդմիջումից հետո Իրանը դեսպան նշանակեց ԱՄԷ-ում

Էր-Ռիյադի և Թեհրանի հարաբերությունները սրվել են 2015 թվականին, երբ Սաուդյան Արաբիայի առաջնորդած դաշինքը Եմենի տարածքում ռազմական գործողություն է սկսել «Անսար Ալլահ» անվամբ հուսիթների շարժման դեմ: