Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ֆայսալ բին Ֆարխանի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հանդիպումը:
Ըստ Իրանի պետական հեռուստատեսության հաղորդագրության, բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել դեսպանատների փոխադարձ բացման, օդային հաղորդակցության վերականգնման և վիզային ռեժիմի դյուրացման համաձայնություն:
Երկու նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Չինաստանի միջնորդությամբ: Դա անցած 7 տարիների ընթացքում Սաուդյան Արաբիայի և Իրանի բարձրաստիճան դիվանագետների առաջին հանդիպումն է:
Համատեղ հայտարարությունում նախարարները նշել են, որ Էր-Ռիյադը և Թեհրանը պատրաստ են ընդարձակել համագործակցությունը բոլոր ուղղություններով:
Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են դեսպանատներ բացել Թեհրանում և Էր-Ռիյադում, ինչպես նաև հյուպատոսություններ՝ Մաշհադում և Ջիդդայում:
Ֆայսալ բին Ֆարխանը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտնել են, որ երկու երկրները համագործակցելու են տարածաշրջանում կայունություն և անվտանգություն հաստատելու համար:
Ըստ նախարարների, կողմերը ցանկանում են ակտիվացնել բանակցությունները «Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերություններում նոր հորիզոններ բացելու համար»: