Սյունիքի մարզի Տեղ համայնքի դաշտեր մտած ադրբեջանցիները հետ չեն քաշվելու, վստահ է խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը։
Պատգամավորն ասում է՝ որևէ նախադեպ չկա, նույնիսկ միջազգային ճնշման դեպքում ադրբեջանական զինուժը տեղում է մնում:
«Այս երկու տարում չի եղել գեթ մեկ դեպք, երբ ադրբեջանցիներն առաջ գան և հետ գնան այն էլ բանակցությունների արդյունքում։ Հետևաբար, ամբողջ իրավիճակի ողբերգականությունն այն է, որ այս իշխանությունների հանցավոր անգործության հետևանքով ադրբեջանցիները մետր առ մետր, հեկտար առ հեկտար գալիս և օկուպացնում են մեր երկրի սուվերեն տարածքները», - ասաց Գրիգորյանը։
Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր «Ազատության» հետ զրույցում հայտարարել՝ զրուցում-բանակցում են, որ ադրբեջանական զինուժը հետ քաշվի, բայց երբեք հետ չեն քաշվում, հակադարձել էին՝ խասյաթ է՝ Քոչարյանի բառով։
«Քոչվոր ժողովուրդների խասյաթն է, պիտի էնպես անես, որ իրենք չգան», - ասաց իշխանական պատգամավորը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ենթադրում եմ՝ թերացել ենք, պիտի քննություն տարվի». Պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ Տեղ գյուղում ադրբեջանական առաջխաղացման մասինԻսկ ովքե՞ր այնպես չարեցին, որ չգան։ Պատգամավոր Աննա Գրիգորյանը վստահ է՝ Հայաստանի քաղաքական իշխանության, պաշտպանական ու ազգային անվտանգության գերատեսչությունների անգործության հետևանքով են ադրբեջանցիները զբոսնելով Տեղի դաշտեր մտել ու սկսել խրամատներ փորել։
«Եթե դու գիտես, որ մինչև ապրիլի 1-ը պետք է հստակ դիրքավորումներ ունենաս, Ադրբեջանը բոլոր հնարավոր պայմանավորվածությունը մինչ այսօր որ եղել է, ինքը խախտել է, հիմա Ադրբեջանը երկու օր առաջ պատրաստված գալիս է, իսկ ո՞ւր ես դու, որտե՞ղ ես դու գտնվում, որտե՞ղ են քո զորքերը՝ լինի դա սահմանապահ զորք, պաշտպանության, Զինված ուժերի ստորաբաժանումները, որտե՞ղ էին մերոնք», - հարց է բարձրացնում ընդդիմադիր պատգամավորը։
Բացթողում եղել է, իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ընդունում է, ընդ որում, ուղղելի բացթողում է համարում։
«Էդ թերությունները Փաշինյանը չի, ինքը երկրի վարչապետն է, բայց էդտեղ մենք ունենք ծառայություններ, որոնք պետք է օր առաջ ինչ-որ խնդիրների լուծման կայուն ընթացք ապահովեին։ Հիմա դա էսպիսինն է, փառք Աստծո, որ չի բերվել, որ մենք իրար վրա հիմա կրակենք, եղել են դեպքեր, որ նաև մեր նույն գյուղացիներն ասել են՝ «մենք ենք տերը մեր երկրի», - ասաց Քոչարյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղ գյուղում դիրքավորված ադրբեջանցիները շարունակում են խրամատավորման աշխատանքներըԻշխանական պատգամավորն ադրբեջանական առաջխաղացումը կանխողներին թվարկելիս՝ ավելի հաճախ տեղական իշխանության ու գյուղացիների անունն է տալիս։
«Բա լավ, Տեղ գյուղն ունի համայնքապետ, բնակչություն, էնտեղ կանգնած են սահմանապահ զորքերը», - թվարկեց Քոչարյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հակադարձեց․ - «Ախր դրանք ձեր գործառույթներն են, բա դուք էդ մարդկանց անպաշտպան եք թողնում, էդ մարդկանց հողերը փաստացի կերպով հանձնում եք ադրբեջանցիներին, որովհետև չեք կարողանում պահել էդ հողերը, չեք անում որևէ գործառույթ, դրանից հետո մեղավորությունը թողնում են ժողովրդի վրա և պատասխանատվությունն են թողնում ժողովրդի վրա»։
Աննա Գրիգորյանը «եզակի ցինիզմ» է որակում ադրբեջանական ներխուժման պատասխանատուների շարքում տեղական իշխանությանն ու մարդկանց ներառելը։ Նրա խոսքով՝ գյուղացիները միջպետական սահմանի գծերով կարող են զբաղվել պետության բացակայության դեպքում։