«Նոր Զովք» ընկերությունը վերականգնել է պետությունից թաքցրած հարկերի մի մասը՝ 2 միլիարդ դրամը, հայտնում են Քննչական կոմիտեից։ Ըստ իրավապահների, սուպերմարկետների ցանցը 2019-2023 թվականների ընթացքում պետական բյուջե չի վճարել ավելի քան 4 միլիարդ դրամ հարկ։
Նախաքննական մարմնից հայտնում են, որ «Զովքի» սեփականատերը, տնօրենն ու գլխավոր հաշվապահը ընդունել են, որ դիտավորությամբ չեն վճարել առանձնապես խոշոր չափի հարկեր։ Նրանք ազատ են արձակվել։
«Հաշվի առնելով, որ նման պայմաններում քրեական վարույթով մեղադրյալների օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել նվազ խիստ խափանման միջոցի կիրառմամբ՝ նշված 3 անձանց նկատմամբ նախկինում որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխվել է և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը», - հայտնում են Քննչական կոմիտեից։
Մինչդեռ ավելի վաղ «Նոր Զովքից» չէին ընդունել, թե ընկերությունը թաքցրել է իրական շրջանառությունը, պետական բյուջե չի վճարել հարկերը՝ իրավապահների պնդումները «ենթադրություններ» որակելով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերը վերաբացվել ենԻ՞նչ փոխվեց այս ընթացքում։ Սուպերմարկետների ցանցից չեն մեկնաբանում, քանի դեռ նախաքննություն է ընթանում։
Ավելի քան 4 միլիարդ դրամ հարկը, ըստ ՊԵԿ-ի, «Նոր Զովք» ընկերությունը թաքցրել էր նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով։ Մասնավորապես, ընկերության սուպերմարկետներում գնորդներին տրամադրվել են ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում նշված գումարի մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկվել հարկային մարմին։ Որոշ դեպքերում էլ տրամադրվեն ներքին կտրոններ, որոնց վրա բացակայել են օրենքով սահմանված նշումները։
«Մենք հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա ենք բացահայտել, որը դեռ մեզ շատ ինֆորմացիա կտա». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում խոսելով այս հարկերից խուսափելու դեպքերի մասին՝ չհստակեցրեց, թե ինչ սխեմա և որ տնտեսվարողներին նկատի ունի։ Միայն ասաց՝ հարկերից խուսափող որևէ մեկը որևէ փոխզիջում չի ստանալու. - «Ես ուզում եմ, որ շատ հստակ լինի այս ուղերձը, որ հարկերից խուսափելու և ընդհանրապես օրենքի հետ կապված, բայց հարկերից խուսափելու պարագայում ընդհանրապես որևէ մեկը որևէ կոմպրոմիսի հույս չի կարող ունենալ»։
Օրերս Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Նոր Զովքի» գործի նախաքննության ընթացքում պարզել են, որ նույն սխեմայից օգտվում է նաև «Ալեքս տեքստիլը»։ Ըստ, նախաքննական մարմնի, Հայաստանի ամենախոշոր գործարարներից մեկին՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը պետությանը չի վճարել ավելի քան 1 մլրդ դրամ։ Ընդունել են իրենց մեղքն ու վերականգել 2019-023 թվականներին թաքցրած հարկերը։
«Մենք կատարել ենք մեծ քանակի հսկիչ գնումներ և համեմատել ենք հսկիչ գնումների արդյունքում տրամադրված կտրոնը մեր բազայի տվյալների հետ։ Այսինքն՝ մի տեղ դա հայտնաբերվալ ա, այլ տեղ չի հայտնաբերվել», - ասաց ՊԵԿ-ի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Լրագրողների հարցին, թե արդյոք Պետական եկամուտների կոմիտեն պատրաստվում է ուսումնասիրություններ իրականացնել այլ խոշոր սուպերմարկետների ցանցերում, օրինակ, «ՍԱՍ»-ում կամ նույն Ալեքսանյանին պատկանող ամենախոշոր «Երևան Սիթի» ցանցում, ՊԵԿ-ի ղեկավար Ռուստամ Բադասյանն արձագանքեց, թե մշտապես հսկողություն են իրականացնում, սակայն անուններ չնշեց. - «Հսկայական և երկար ամիսների նախապատրաստական աշխատանք ենք իրականացրել, որպեսզի հասնենք նպատակին։ Եվ ինֆորմացիաներ ունենք շատ տարբեր սուբյեկտների հետ կապված ոչ միայն առևտրային ցանցերի, բայց, բնականաբար, ես չեմ պատրաստվում հիմա ասել որտեղ ինչ կասկածներ ունենք»։
Քննչական կոմիտեի վարույթով անցնող «Նոր Զովքն» ու «Ալեքս տեքստիլը» Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից են։ «Նոր Զովքն» այդ ցանկում 167-րդ է՝ վճարած ավելի քան մեկուկես մլրդ դրամով, իսկ «Ալեքս տեքստիլը»՝ 296-րդը. Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը անցած տարի ավելի քան 800 միլիոն դրամ հարկ է վճարել։