«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի դռներն այսօր կրկին բացվեցին։ Երեկ բոլոր 29 խանութներում իրավապահները խուզարկություններ էին անցկացնում։
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, ընկերությունը թաքցնում է իրական շրջանառությունը, պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր։
Սուպերմարկետի ղեկավարությունը հակադարձում է՝ սրանք պարզապես ենթադրություններ են. - «Համարում ենք ապօրինի, ամբողջը ապօրինի գործողություն, քանի որ կատարվեց մասնաճյուղերի փակման չհիմնավորված գործընթաց։ Մասնաճյուղ եղավ, կես ժամով փակվեց, մասնաճյուղ եղավ, ութ ժամով փակվեց... և ըստ էության, տնտեսվարողին հասցվեց էական վնաս», - ասում է «Նոր Զովքի» փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։
Երեկ առավոտից իրականացված գործողությունների վերաբերյալ պարզաբանում ՊԵԿ-ը միայն երեկոյան ներկայացրեց. օպերատիվ տվյալներ էին ստացել, որ ընկերությունը միջամտում է ՀԴՄ սարքերի ծրագրին և առևտրի գումարի մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին։ Սա ստուգելու նպատակով ՊԵԿ-ը ամիսներ առաջ 35 գնում է կատարել, որոնց մեծի մասի դեպքում կասկածները հաստատվել են։
«Կատարված հսկիչ գնումներից 24-ի դեպքում հաստատվել են ստացված օպերատիվ տեղեկությունները, կատարված 8 հսկիչ գնումների ընթացքում շեղումներ չեն հայտնաբերվել, 3 դեպքում էլ ընկերության կողմից ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվել, այլ տրամադրվել են ներքին կտրոններ», - ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։
Պետեկամուտների կոմիտեն այլ մանրամասներ չի հաղորդում։
Ռաֆայել Խաչատրյանը պնդում է՝ քննիչներն ու ՊԵԿ-ի աշխատակիցներն այս գործողության ընթացքում դատարանի որոշումների սահմաններից դուրս են եկել, տարատեսակ սարքեր են առգրավել, ինչի հիմքը չկար։ Նրա խոսքով, իրավապահները նաև անպատրաստ ու անփույթ են գործել. - «ՀԴՄ ապարատների առգրավում ա տեղի ունեցել, որի հիմքը բացարձակապես չունեին, անձնական օգտագործման հեռախոսներ են առգրավվել, որը ևս որոշման մեջ չկար, ուղղակի ուժով կարողացան իրանք առգրավեն ու խարխլեն բնականոն ընթացքը ընկերության»։
Խաչատրյանի փոխանցմամբ, «Նոր Զովքի» ղեկավարությունը ՊԵԿ-ի հայտարարությունը սոսկ ենթադրություն է համարում. - «Ոչ պատշաճ ու ամբողջական քննության արդյունքում մերկապարանոց հայտարարությունները ու ենթադրությունները հրապարակելը ոչ այլ ինչ ա, քան իրավագիտության, իրավաբանական անգրագիտություն»։
«Նոր Զովքը» Հայաստանի ամենախոշոր հարկ վճարողների ցանկում 167-րդ է, անցած տարի շուրջ 1,6 միլիարդ դրամ են փոխանցել պետական բյուջե։ Մյուս խոշոր ցանցերի շարքում մատչելիներից է համարվում։
Պետռեգիստրի տվյալներով՝ ընկերության միակ սեփականատերը Արամ Արամյանն է։ Սուպերմարկետների ցանցը պատրաստվում է բողոքարկել խուզարկություններ անցկացնելու դատարանի որոշումները և քննիչների գործողությունների համար պատասխանատվություն պահանջել։
Պետեկամուտների կոմիտեն ընկերության մեղադրանքներին առայժմ չի արձագանքում։ Խոստացել են պատասխանել ավելի ուշ։