Ստեղծագործական երեկոյի ողբերգական ավարտը
Ռուս-ուկրաինական արյունալի պատերազմում տասնյակ հազարավոր կյանքեր խլած ռումբերից մեկը երեկ պայթել է ռազմաճակատից շատ հեռու՝ Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաք և նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդավայր Սանկտ Պետերբուրգում:
«Ստրիտ-Բար» սրճարանում կազմակերպվել է Դոնբասի նախկին զինյալ, ազգայնական գաղափարախոս և ռազմական լրագրող, բլոգեր Մաքսիմ Ֆոմինի ստեղծագործական երեկոն, որի ընթացքում ինքնաշեն ռումբ է պայթել:
Բլոգերը ռուսաց հանրությանն ավելի հայտնի է որպես Վլադլեն Տատարսկի: Նրա մահվան լուրը հաստատել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Սանկտ Պետերբուրգի վարչության մամլո խոսնակ, գնդապետ Վյաչեսլավ Ստեպչենկոն:
«Ապրիլի 2-ին երեկոյան 6:13-ին ահազանգ է ստացվել Համալսարանային առափնյա փողոցի սրճարանում տեղի ունեցած պայթյունի մասին: Սպանվել է ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին»,- ասել է խոսնակը:
Ռուսների համոզմամբ, պայթյունը կազմակերպել են ուկրաինացիներ
Ակնհայտ է, որ թիրախը տեղում զոհված անջատականն էր: Պայթուցիկը տեղադրված էր փոքրիկ արձանիկում, որը նրան փոխանցել են ստեղծագործական երեկոյի ընթացքում: Ռուսաստանի քննչական կոմիտեի խոսնակ, գեներալ-մայոր Սվետլանա Պետրենկոյի փոխանցմամբ, պայթյունի գործով Քննչական կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Դարյա Տրեպովային:
«Այժմ քննչական գործողություններ են կատարվում, առաջիկայում որոշում կընդունվի խափանման միջոցի վերաբերյալ», - ասել է Պետրենկիոն:
Այդ 26-ամյա կինն, ըստ իրավապահների, արդեն խոստովանական ցուցմունք է տվել, ասելով, որ ինքն է սրճարան տարել պայթուցիկով լցված արձանիկը:
Ռուսաստանի հակաահաբեկչական ազգային կոմիտեն հայտարարել է, թե Տատարսկու վրա մահափորձը ծրագրել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները, որոնք, իբր, դրանում ներգրավել են Ալեքսեյ Նավալնիի ստեղծած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրանի աշխատակիցներին:
Հիմնադրամը հերքել է մեղադրանքը և կարծիք հայտնել, որ պայթյունը կարող էր Անվտանգության դաշնային ծառայությունը՝ ФСБ-ն ծրագրել:
«Դարյան ահաբեկչության չէր դիմի»
Երիտասարդ կնոջ մասին շատ տեղեկություններ չկան: Հայտնի է, որ նա Սանկտ Պետերբուրգից է, սոցցանցերում հաճախ է գրել ֆեմինիզմի և ինքնասպանության հարցերի մասին: Ընդունվել է Բժշկական համալսարան, որը չի ավարտել:
Ամուսնացել է լիբերտարիանական կուսակցության անդամ Դմիտրի Ռիլովի հետ և ավելի ուշ ասել, թե դա կատակ-ամուսնություն էր:
Մի քանի անգամ ամուսնու հետ մասնակցել է հակապատերազմական ցույցերին, բերման է ենթարկվել: Տեղափոխվել է Վրաստան, ապա կես տարի անց վերադարձել, սակայն ոչ թե Հյուսիսային մայրաքաղաք, այլ Մոսկվա, իսկ Սանկտ Պետերբուրգ ահաբեկչական գործողության նախօրեին է մեկնել:
Արտասահմանում ապաստանած Ռիլովը պնդում է, որ Դարյան դավադրության զոհ է դարձել, քանի որ նույնիսկ դեմ լինելով պատերազմին, երբեք չէր դիմի ահաբեկչական քայլի: Ռիլովը վստահ է, որ Դարյան չի իմացել արձանիկի մեջ լցված պայթուցիկի մասին:
«Բլոգերի գործունեությունը Կիևում ատելություն է առաջացրել»
Մինչդեռ, ռուսները համոզված են, որ այստեղ կա ուկրաինական հետք: Տատարսկի-Ֆոմինը Տելեգրամում ուներ ավելի քան 560 հազար հետևորդ և համարվել է շատ ազդեցիկ բլոգեր:
Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան գրել է, թե «Տատարսկին վտանգավոր էր Ուկրաինայի իշխանության համար», ավելացնելով, որ «նրա մասնագիտական գործունեությունը Կիևում ատելություն է առաջացրել»:
«Դա ահաբեկչական գործողություն էր, տեսել ենք Հակաահաբեկչական ազգային կոմիտեի հայտարարությունը: Հիմա քննության ակտիվ փուլն է, կասկածյալներին ձերբակալելու միջոցներ են ձեռնարկվում»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա փոխանցմամբ, կիրագործվեն անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ հատկապես գալիք մայիսյան տոների շրջանում: Նա ընդգծել է, որ Հաղթանակի ավանդական զորահանդեսը չեղարկելու մտադրություն չկա:
Անոթի մեջ լցված սարդերի կռիվը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն այդ պայթյունի վերաբերյալ Թվիթերում գրել է, որ տեղի ունեցածը Ռուսաստանի ներքին կացության արդյունք է:
«Անոթի մեջ լցված սարդերն իրար են ուտում, ներքին ահաբեկչությունը Ռուսաստանում ներքաղաքական պայքարի գործիք էր դառնալու: Մի երկում, որտեղ անսահման խստացումներ են, դա ընդամենը ժամանակի հարց էր»,- գրել է Պոդոլյակը:
«Ցանկանում եմ, որ Պուտինը կյանքի մնացած օրերն անցկացնի նկուղում»
Նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Ուկրաինայի հյուսիսում՝ Յահոդնոյե գյուղում, հարգանքի տուրք է մատուցել պատերազմի մեկնարկից ի վեր մոտ մեկ ամիս տեղական դպրոցի նկուղում պատսպարված մարդկանց արիությանը:
400 մարդիկ պատերազմի առաջին շաբաթներին՝ մինչև բնակավայրի ազատագրումը, դիմացել են 200 քառակուսի մետր տարածքով նկուղում, նրանցից 11-ը մահացել են:
«Սա տեսնելուց հետո կարող եմ միայն մեկ բան ցանկանալ, որ նախագահ Պուտինն իր կյանքի մնացած օրերն անցկացնի նկուղում, ուր զուգարանի փոխարեն դույլ կլինի, այլ բան ասել չեմ կարող: Շնորհակալ եմ նրանց, ովքեր պայքարել են իրենց կյանքի համար, փա՛ռք հերոսներին»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայի ղեկավարի Յահոդնոյե գյուղ է մեկնել Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի ուղեկցությամբ:
«Բոլորին կհաղթենք, կսպանենք, կթալանենք»
Ահաբեկչության զոհ դարձած Տատարսկին անցյալ տարվա սեպտեմբերին ներկա էր Կրեմլում հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում Պուտինը հայտարարեց, թե ուկրաինական չորս տարածքները՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները, միացվում են Ռուսաստանին:
Տատարսկին այն ժամանակ ինքն իրեն տեսագրել էր բջջային հեռախոսով և համացանցում էր տեղադրել հոլովակը:
«Մենք բոլորին կհաղթենք, կսպանենք, կթալանենք, մենք կանենք այն, ինչ ուզում ենք», - գոհ ու հպարտ ձայնով ասել էր ռազմատենչ բլոգերը: Հոլովակում նա սպառնացել էր, թե Ռուսաստանը մեկ անգամ ծնկի է բերել Եվրոպան և էլի դա կանի:
Դա ռազմատենչ բլոգերի վերջին սելֆի-ուղերձն էր Կրեմլից: Պատերազմի 403-րդ օրը նրա կյանքում վերջինը դարձավ: Պատերազմը շարունակվում է:
Նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Սանկտ Պետերբուրգում սպանված բլոգեր Վլադլեն Տատարսկուն (Մաքսիմ Ֆոմինին) այսօր հետմահու Արիության մեդալ է շնորհել: